Քաղաքականություն

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում