Մշակույթ

Գրքի դերն ու նշանակությունը ընդգծվեց Կենդանաբանական այգու նախաձեռնած «Գրքի փառատոն»-ով

2 րոպեի ընթերցում

Գրքի դերն ու նշանակությունը ընդգծվեց Կենդանաբանական այգու նախաձեռնած «Գրքի փառատոն»-ով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին հետաքրքիր անակնկալ մատուցեց ընթերցասերներին` ՀՀ Անկախության տոնին ընդառաջ «Գրքի փառատոն» կազմակերպելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 20-23-ը «Գրքի փառատոն»-ի շրջանակում Հայաստանում գործող հրատարակչությունները կենդանաբանական այգում կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ:

Ընթերցասերները կարող են իրենց հետ բերել նաև այն գրքերը, որոնք արդեն կարդացել են և կարծում են, որ պատրաստ են դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար:

Երևանի կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով, այլև ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի և տարբեր նախաձեռնությունների տեսքով: Նորովի լուծումներով և նորովի մոտեցումներով Այգին փորձում է առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում