Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է հասնի զրոյի. Արայիկ Հարությունյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում դպրոցները պետք է ապաքաղաքական լինեն, և դպրոցներում քաղաքական ուժերի ազդեցությունը հասցվի զրոյի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք նոր իշխանության առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է դպրոցներում լինի 0: Այն անձինք, ովքեր կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցի գործերին, մենք այդ ազդեցությունը կիջեցնենք մինչև 0»,- ընդգծեց Հարությունյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ նախարարն ընդգծեց, որ խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն ուսուցչին կամ ծնողին քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին:
«Որևէ ծնողի հորդորներ պետք է չլինեն՝ գնալ, քվեարկվել այս կամ այն թեկնածուի օգտին: Այդ դեպքում ես կդիմեմ իրավապահ մարմիններին»,- նշեց Հարությունյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ կապ չունի, թե տվյալ թեկնածուն որ կուսակցությունից կլինի: