Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրականացնում են «Քո արվեստը դպրոցում» համատեղ դրամաշնորհային ծրագիրը: Այն օգոստոսի 16-ին ներկայացրին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն իր խոսքում նշեց, որ ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն:
«Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում ենք մրցույթ, որի ընթացքում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն: Այն մի քանի բաղադրիչ պետք է ունենա՝ լինի ինտերակտիվ և ստեղծարար մոտեցմամբ, զարգացնի քննադատական և վերլուծական միտքը»,- ասաց մշակույթի նախարարը: Արդյունքում կընտրվի 50 արվեստի գործիչ և նրանցից յուրաքանչյուրին նախատեսվում է տրամադրել 1 մլն դրամ իրենց նախագծի համար:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ 30 դպրոցում: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ այս ծրագրի նպատակն է, որպեսզի, օրինակ՝ յուրաքանչյուր գրող հնարավորություն ունենա ներկայացնել սեփական ստեղծագործությունը որևէ դպրոցում:
«Այս ծրագիրը գումար վաստակելու ծրագիր չէ, այլ փոխշահավետ համագործակցություն է արվեստագետի և դպրոցի միջև: Այսպիսով` աշակերտները լայն հնարավորություն կունենան մշակույթ ստեղծողների հետ շփվելու, իսկ արվեստագետը՝ կարող է իր աշխատանքները ներկայացնել դպրոցներում և դրանից էլ կառևտրայնացվի իր մշակութային պրոդուկտը»,- շեշտեց կրթության և գիտության նախարարը: