Հասարակական

ՀՔԾ պետը պարզաբանում է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կանչվել վկայի կարգավիճակում, բայց անմիջապես ներգրավվել որպես մեղադրյալ

2 րոպեի ընթերցում

ՀՔԾ պետը պարզաբանում է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կանչվել վկայի կարգավիճակում, բայց անմիջապես ներգրավվել որպես մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մեկնաբանում է, թե ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, բայց հարցաքննել մեղադրյալի կարգավիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ պետը պարզաբանեց, որ դա կապված է եղել նոր ապացույցներ ձեռք բերելու հետ, որոնց պարագայում հարցաքննության կանչվածի իրավունքների խախտում կլիներ, եթե նա հարցաքննվեր որպես վկա: «Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն օր, ամեն ժամ, կուզեք ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ անց որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու մինչև հարցաքննության գնալը Ռոբերտ Քոչարյանին չի ծանուցվել այդ մասին, Սասուն Խաչատրյանն ասաց. «Նման կարգ գոյություն չունի, այստեղ որևէ խախտում չկա: Անմիջապես, երբ պետք էր քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, հակառակ դեպքում, եթե նա հարցաքննվեր որպես վկա, կլիներ խախտում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում