Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ում է. ընթանում է հարցաքննություն

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ում է. ընթանում է հարցաքննություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Ընթանում է հարցաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով:

Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով ՀՔԾ-ում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Քոչարյանի գրասենյակի ղեկավարՎիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում