Ազգային երգ ու պար, տոնական տրամադրություն. անցկացվեց Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային երգ ու պարով հուլիսի 7-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությունը: Անցկացվեց տոնական երթ՝ եկեղեցուց մինչև Երևանի մանկական զբոսայգի: Միջոցառման նախաձեռնողներն էին Արարատյան Հայրապետական թեմը և Երևանի քաղաքապետարանը: «Ավանդաբար, արդեն հինգերորդ տարին, Նավասարդ Սրբազանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նշում են Վարդավառի նախատոնակը: Արդեն երրորդ տարին է, ինչ մեզ հետ համագործակցում է Երևանի քաղաքապետարանը: Չորրորդ տարին է՝ մենք տոնը նշում ենք Մանկական զբոսայգում: Այնտեղ շատ գեղեցիկ ամֆիթատրոն կա, որտեղ հրաշալի ցուցադրվում է տոնի ամբողջ ծիսակարգը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Մանկական զբոսայգում կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացվեցին տոնի խորհրդին համահունչ խաղերն ու ծեսերը, այդ թվում նաև խնձոր խորովելն ու հասկերի, քաղցրավենիքի բաժանումը, որի անմիջական մասնակից դարձան նաև այգում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: Միջոցառման ընթացքում նաև երկինք բաց թողնվեցին աղավնիներ, իսկ նախաձեռնության հեղինակները տոնի առիթով ջրի ցողերով շնորհավորեցին մասնակիցներին։

Հուլիսի 8-ին Կարապի լճի հարակից տարածքում էլ կկազմակերպվի ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» միջոցառումը, ուր մասնակիցներին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ: Միջոցառումը իրականացվում է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով: Միաժամանակ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առավոտից կմեկնարկեն տարաբնույթ միջոցառումներ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր Աստվածությունը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին