Տարածաշրջանային

Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սահմանապահներն իրանա-ադրբեջանական սահմանին առգրավել են թմրանյութերի խոշոր չափաբաժին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Առգրավվել է, ընդհանուր առմամբ, 260 կգ հերոին տեսակի թմրանյութ, որն Ադրբեջանի տարածքով Իրանից փոխադրվելու էր Ուկրաինա:

Սա վերջին երկու ամսում Ադրբեջանի տարածքով խոշոր քանակի թմրանյութերի փոխադրման 3-րդ կանխված դեպքն է:

Ադրբեջանը հանդիսանում է եվրոպական և այլ երկրներ թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղի, ինչի մասին վկայում են ոչ միայն կատարված բացահայտումները, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թ. սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում