ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որի բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն առանձնացրեց «Արմենպրես» գործակալության նախկին թղթակից Դավիթ Հակոբյանի կողմից արված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նշեց, որ ներկայացված 100 լուսանկարների մեջ այն իր ուրույն տեղն ունի: «Մի շատ հայտնի լուսանկար կա, որն արել է երիտասարդ, տաղանդավոր հայազգի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը, որի համար ստացել է մի քանի պարգև: Մենք մեկ այլ շնորհավորանք էլ ենք նախապատրաստել լուսանկարչի համար: Ցավոք սրտի, նա հիմա ներկա չէ, բայց բարեբախտաբար, գտնվում է Աստանայում»,-ասաց Ուրազաևը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը խոսելով լուսանկարի մասին, ասաց, որ այն «Արմենպրես»-ի ֆոտոդպրոցի ամենապայծառ սաներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի պատկերած նկարն է: «Խորհրդանշանական է, որ այսօր Դավիթը Աստանայում է և առիթ ունի այնտեղ ներկայացնելու իր լուսանկարչական արվեստը»,-հավելեց գործակալության տնօրենը:
Դավիթ Հակոբյանը Ղազախստանի նախագահին լուսանկարել է 2017թ.-ի հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: