ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողներն ու դասախոսները հանդիպեցին աշխարհահռչակ թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողներն ու դասախոսները դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ հանդիպեցին ԱՄՆ Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թաներ Աքչամը հանդիպման սկզբում ներկայացրեց իր վերջին ուսումնասիրությունը, որն ընթացիկ տարվա հունվարին տպագրվել է «Սպանության հրահանգներ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» վերնագրով: Պատմաբանը նշեց, որ ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել հետազոտող Գրիգոր Գերերյանի անձնական արխիվն ու պատմաբան, լրագրող Արամ Անտոնյանի Նայիմ անունով թուրք պաշտոնյայի հուշագրությունը ներկայացնող գիրքը:

Ուսումնասիրության մեջ ներկայացված են թուրքական ժխտողականության վերաբերյալ պրոֆեսոր Աքչամի փաստարկները:

Թաներ Աքչամը նշեց, որ Թուրքիայի ներկայացրած արձանագրությունները խիստ հարցականի տակ են դնում իրականությունը և եղած իրական փաստաթղթերը, և որ ինքն իր ուսումնասիրությամբ բացահայտել է իրական փաստաթղթերի գոյությունն ու ճշմարտացիությունը:

Թաներ Աքչամն իր խոսքում նշեց, որ Ժխտողականությունն ի սկզբանե եղել է թուրքական քաղաքակրթության հիմքում և, որ թուրքական ժխտողականությունն իր մանրամասնություններով հասկանալու համար շատ կարևոր է հաշվի առնել այդ հանգամանքը:

«Ժխտողականության գաղափարը եղել է հենց սկզբից, և հայերի տարհանումն ու ցեղասպանությունը իրականացվել են հենց այդ գաղափարախոսության քողի տակ: Թուրքերն այդ ամենը կատարելով՝ ստեղծել են իրենց ճշմարտությունը, թե իբր տարհանման և վերաբնակեցման գործողությունները բարի նպատակ են հետապնդել: Ժխտողականության քաղաքականությունը մի ամբողջական մեխանիզմ է, որը ոչ միայն հերքում է իրողությունները, այլ նաև խեղաթյուրում»,-ընդգծեց նա:

Աքչամը նշեց, որ Ժխտողականության քաղաքականությունն ինքնին քաղաքական պայքար է, որտեղ Թուրքիան եղած իրողություններն ու փաստերը ծածկելու նպատակով գրում է «նոր» պատմություն:

«Ժխտողականության քաղաքականությունը ստեղծում է իրարից խիստ տարբերվող երկու իրականություններ, մեկը՝ իրականը և տեղի ունեցածը, մյուսը՝ հորինվածը։ Թուրքական ժխտողականության քաղաքականությունը տեղի է ունցել մի քանի փուլերով՝ դեպքերի ստեղծում, նորաստեղծ դեպքերի արխիվացում, նորաստեղծ դեպքերի ներկայացում, նոր պատմության կազմում, փաստաթղթերի ոչնչացում»,-նշեց Թաներ Աքչամը:

Հանդիպման ավարտին պրոֆեսորը մոտ մեկ ժամ պատասխանեց ԵՊՀ թյուրքագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հարցերին:

Ուսանողները և Թաներ Աքչամը քննարկեցին նաև ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմական գործողությունները, և փորձեցին զուգահեռներ անցկացնել Օսմանյան կայսրության կողմից իրականացված պատմական տարբեր գործողությունների հետ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան