«Երևանյան հեռանկարները» նվագախումբ ստեղծելու ծրագիր ունի. փառատոնը կնշի հիմնադրման 20-ամյակը 

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն երաժշտական ինքնատիպ տոնի կազմակերպիչները արդեն իսկ պլանավորում են 20-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը: Արդեն երաժշտական ակադեմիա ունեն, հերթը հասել է սեփական նվագախումբ հիմնելուն: Ընդ որում՝ նվագախումբը համալրվելու է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը պատմում են ստեղծվելիք նվագախմբի, հոբելյանի և առաջիկա ծրագրերի մասին:

19-րդ համերգաշրջանի անակնկալները

Սոնա Հովհաննիսյան

Հունիսի 11-ին բավականին իրադարձային համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մեր փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստան է ժամանելու Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Նա այն դիրիժորներից է, ովքեր լեգենդ են համարվում, ինչպես Զուբին Մեթան, Դանիել Բարենբոյմը, Վալերի Գերգիևը:

Սա պետական միջոցառում է: Այս տարի Էստոնիան, ինչպես և Հայաստանը, նշում է հանրապետության ստեղծման 100-ամյակը: Ծագումով էստոնացի Նեեմե Յարվին ամենանշանավոր նվագախմբերի հետ է աշխատում և այս համերգի համար ԱՄՆ-ից է ժամանելու:

19-րդ համերգաշրջանի հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 16-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում: «2018 թ. Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման մեկնարկըկազդարարվի «Հորտուս Մուզիկուսի» համերգով: Մենք հրավիրեցինք այս խումբը, որը քաջածանոթ է փառատոնին: Այն 44 տարի անընդմեջ ուսումնասիրել է Եվրոպայի մշակութային ժառանգությունը, և մեկ համերգային ծրագրում ներկայացնելու է այդ ամենը ճիշտ կատարմամբ, դարաշրջանի գործիքներով, հագուստներով: Նրանք հայերեն կատարում էլ կունենան:

Առաջիկայում տեղի կունենա նաև սոպրանո Լիանա Հարությունյանի առաջին համերգը Երևանում: Նա աշխարհի մեծագույն՝ «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա» և այլ թատրոններում է երգում, մեծ աստղ է, բայց Երևանում դեռ համերգ չի ունեցել:

Շատ գեղեցիկ անակնկալ ունենք, անհամբեր սպասում ենք Վիեննայի տղաների երգչախմբի վերադարձին: Հոկտեմբերին կրկին համերգով հանդես կգան Հայաստանում: Սեպտեմբերին կամ հոկտեմբերին նախատեսված է Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի այցը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Ակադեմիան արդեն կա, հերթը նվագախմբինն է

Ստեփան Ռոստոմյան

Երբ փառատոնը 2000 թվականին հիմնվեց, մենք միանգամից ընտրեցինք ամենաբարձր նշաձողը: Որպես օրինակ պատկերացնում էի Էդինբուրգի փառատոնը, որն իսկական տոն էր: Մտածում էի, որ կարող ենք այս ամենը տեղափոխել Հայաստան: 20 տարի հետո պետք է ասեմ, որ անհավանական բան տեղի ունեցավ: Մենք Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ ենք արդեն 11 տարի, և պետք է ասեմ, որ Էդինբուրգի փառատոնի հետ աշխարհի լավագույն 5 փառատոններից մեկն ենք համարվում:

«Երևանյան հեռանկարները» նախկինում կոչվում էր «21-ի հեռանկարներ»: Ես ամեն անգամ բարձրաձայնում էի, որ 21-րդ դարը հայերի դարն է լինելու, և հեռանկարում հայերը պետք է ցույց տան, որ իրենք աշխարհի ամենահզոր մշակույթն ունեցող ազգերից մեկն են, իսկ Երևանը պետք է դառնա մշակութային մայրաքաղաք: Դա այլևս իրականություն է, և պետք է ասեմ, որ փառատոնն արդեն մեր երկրի խորհրդանիշներից մեկն է:

Մենք ամեն տարի նոր բարձունք ենք հաղթահարում: Աշխարհի լավագույն փառատոններն ունեն ակադեմիաներ, ունեն սեփական նվագախմբեր: Մենք տարիներ առաջ բացեցինք Բյուրականի ակադեմիան, հիմա մտածում ենք նվագախմբի ստեղծման վերաբերյալ: Փառատոնը պետք է սեփական նվագախումբն ունենա:

Փառատոնի նվագախմբի անդամները պետք է ընտրվեն արտերկրից: Երիտասարդ երաժիշտները պետք է ընտրվեն բարդ մրցույթով, պետք է գան 2-3 ամիս ապրեն Հայաստանում, մի քանի համերգներից հետո շրջագայեն: Նվագախմբի կազմում պետք է լինեն ոչ միայն հայ կատարողներ, այլև աշխարհի տարբեր ազգերի լավագույն երաժիշտները:

Սոնա Հովհաննիսյան

Կարծում եմ, որ նվագախումբը կկազմավորվի փառատոնի հիմնադրման 20-ամյակի տարում՝ աշնան-ամռան ամիսներին: Մենք այս նախագիծն իրականացնելու ենք Բյուրականում : Ստեփան Ռոստոմյանը նաև ծրագիր է մշակել, ըստ որի հայ կոմպոզիտորները նաև պատվերով ստեղծագործություններ կգրեն, և այս առումով հայ կոմպոզիտորական դպրոցն էլ կզարգանա:

Փառատոնային հետաքրքիր դրվագներ

Ստեփան Ռոստոմյան

Տարիներ առաջ մի անհավանական բան տեղի ունեցավ: «Քրոնոս» քառյակը պետք է գար Հայաստան: Այն ժամանակվա ԱՄՆ դեսպանն ասաց՝ անհնարին բան է, սուտ եք տարածել: Եվ խոստացավ, որ եթե իրոք քառյակը գա Հայաստան, հոնորարի մեծ մասն ինքը կտա: Եվ, իրոք, այդպես էլ եղավ:

Մի ամերիկացի զբոսաշրջիկ դրամարկղի մոտ կարդացել էր «Քրոնոս» քառյակի անվանումը, զարմացել էր, որ 10 դոլարին համարժեք դրամով տոմս էր գնել: Պարում էր փողոցում՝ գոռալով, թե սա ինչ-որ անհավանական բան է: Այլ երկրներում նման համերգների տոմսերը բավականին թանկ են:

20-րդ հոբելյանական համերգաշարի անակնկալները

Սոնա Հովհաննիսյան

Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրես»-ին: Դուք 100-ամյա հոբելյան եք նշում, մենք էլ մեր 20-ամյա հոբելյանին ենք մոտենում: 20-ամյակի առթիվ հաջորդ տարվա մարտին Երևան երկու ներկայացմամբ կժամանի Փարիզի «Գարնիե» օպերային թատրոնի բալետային խումբը: Սենսացիոն ծրագիր կլինի, որը Հայաստան կբերի հազարավոր մարդկանց: Մենք, հավանաբար, 20 տարին ամփոփող լուսանկարների ցուցահանդես էլ կկազմակերպենք: Երբ մարդիկ տեսնեն այդ լուսանկարները, չեն ճանաչի մեր դահլիճները: Նրանց կթվա, որ այս ամենը տեղի է ունեցել օտար երկրում. դահլիճները լեփ-լեցուն են, այնքան մարդ կա՝ անգամ հատակին, լրացուցիչ աթոռներին նստած:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում