Հասարակական

Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում կոռուպցիայի հարցով պատրաստվում է հանդիպել նախկին նախարարների հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում կոռուպցիայի հարցով պատրաստվում է հանդիպել  նախկին նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստերի վերաբերյալ նամակներ է ստացել, որոնք ուղարկել է իրավապահ մարմիններին: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ընթացիկ աշխատանքներ են իրականացվում, տարբեր տեղերում մասնագետները աուդիտ են իրականացնում: Աուդիտ իրականացնող մեր մասնագետներն արդեն ասել են, որ որոշ տեղերում կան լուրջ խնդիրներ: Երբ դրանք վերջնական լինեն, կուսումնասիրենք և նույնպես իրավապահ մարմիններին կհանձնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Այնուամենայնիվ, նախարարն ընդգծեց, որ ինքը չի ցանկանում, որ իրավապահ մարմինները հենց սկզբից մեծ մուտք ունենան կրթական համակարգ: «Մենք չենք ուզում ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածել դպրոցներում և բուհերում, բայց արդեն բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է, և խախտումների դեպքում համապատասխան գնահատական է լինելու»,- նշեց Հարությունյանը:

Հարցին՝ նախորդ նախարարի հետ զրուցե՞լ է, հարցրե՞լ է, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած կառույցում կոռուպցիա եղել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա ուսումնասիրությունները շարունակվում են, որոշ փաստեր արդեն կան: Երբ փաթեթ կլինի, անպայման կհանդիպենք ոչ միայն պարոն Մկրտչյանի, այլ նաև պարոն Աշոտյանի հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում