«Ցեղասպանություն» ասելը հանցանք չէ. Ստամբուլի դատախազությունը կարևոր վճիռ է կայացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:

Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը 2018 թվականի ապրիլի 24-ին Սուլթանահմեթի հրապարակում ցանկացել էր Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել էր միջոցառումը՝ պատճառաբանելով, որ դրանում բարձրացվել են «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ:

Այդ պաստառները հրապարակ բերած ակտիվիստներ Լեման Յուրթսևերը, Ժիյան Թոսունը և Գամզե Օզդեմիրը ձերբակալվել, ապա ավելի ուշ ազատ էին արձակվել: Որպես ձերբակալության պատճառ նշվել էր պաստառի վրա առկա «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» գրությունը: Օրերս ավարտվել է ակտիվիստների գործով հետաքննությունը, Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:

Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:

Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը կարևորել է դատախազության վճիռը՝ նշելով, որ նախադեպային այդ վճիռը հետագայում էլ կարևոր նշանակություն է ունենալու: «Այսուհետ ամեն ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ մեր հետ կվերցնենք դատախազության այս որոշումը: Ու եթե ևս մեկ անգամ փորձ արվի խափանել մեր միջոցառումը, այս որոշումը ցույց կտանք համապատասխան պաշտոնյաներին»,- նշել են նրանք:

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական ժխտողական դիրքորոշման պատճառով երկրում տարիներ ի վեր հետապնդումներ են իրականացվել այն գործիչների նկատմամբ, ովքեր բարձրաձայնել են 1915-ի պատմական իրողության մասին: Մասնավորապես, քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, որը պատիժ է ենթադրում «թուրքականությունը վիրավորելու համար», տարբեր տարիների քրեական հետապնդման են ենթարկվել «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքը, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆաքը, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը և այլք: Իսկ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար կարգապահական տույժի էր ենթարկվել:

Հայերեն العربية English Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ