Սպորտ

«Մունդիալ-1954». «Բեռնի հրաշքը» կամ ինչպես լավագույն թիմը չդարձավ աշխարհի չեմպիոն

3 րոպեի ընթերցում

«Մունդիալ-1954». «Բեռնի հրաշքը» կամ ինչպես լավագույն թիմը չդարձավ աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Աշխարհի առաջնության պաստառը

Շվեյցարիան` 5-րդ Մունդիալի հյուրընկալող

Հերթական Մունդիալը` թվով 5-րդը, անցկացվեց Շվեյցարիայի 6 քաղաքներում` Բազել, Բեռն, Ժնև, Լոզան, Լուգանո և Ցյուրիխ: Ամենաշատ խաղերը անցկացվեցին Բազելի «Սուրբ Յակոբ» մարզադաշտում` վեց հանդիպում: Ցյուրիխի և Լոզանի մարզադաշտերում անցկացվեցին 5-ական հանդիպում, Ժնևում` 4 և Լուգանոյում` 1: Աշխարհի առաջնությունը ձգվեց 19 օր, որին մասնակցեցին 16 հավաքականներ:

Մունդիալի գնդակը

Հենց 1954 թվականից սկսած առաջին անգամ խաղերը ցուցադրվեցին հեռուստատեսությամբ և թողարկվեցին հատուկ մետաղադրամներ: Մունդիալ-1954-ի լավագույն խմբարկու ճանաչվեց հունգար հարձակվող Շանդոր Կոչիշը, ով հեղինակեց 11 գնդակ: Կոչիշն իր խփած 11 գոլերով գերազանցեց նախորդ առաջնությունում Ադեմիրի ռեկորդը` երկու գոլով: 26 խաղերի ընթացքում հանդիպումներին հետևեցին 768,607 ֆուտբոլասեր:

Եզրափակիչը…

Աշխարհի առաջնության եզրափակչում մրցեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Հունգարիայի ընտրանինները: Այն կայացավ Բեռն քաղաքի «Վանկդորֆ» մարզադաշտում, որին ներկա էին 62.500 ֆուտբոլասեր: Մունդիալ-1954-ի եզրափակիչը մարզասերների շրջանում հայտնի է նաև «Բեռնի հրաշքը» անունով: Հունգարները նախ հանդիպման 6-րդ, ապա 8-րդ րոպեիին գրավեցին Գերմանիայի հավաքականի դարպասը, սակայն բաց թողնեցին 10-րդ և 18-րդ րոպեներին:

Միայն հանդիպման 84-րդ րոպեին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ֆուտբոլիստներից Հելմունդ Ռահը խփեց գերմանական ֆուտբոլի պատմության մեջ գուցե և ամենակարևոր գոլերից մեկը (3:2): Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այս խաղում Գերմանիայի հավաքականը ռևանշի հասավ Հունգարիայի հավաքականից՝ խմբային փուլում կրած պարտությունից հետո։

Փաստեր…

Ֆուտբոլի այս առաջնության ընթացքում խփվեցին ռեկորդային 140 գոլեր: Այս ռեկորդը չի գերազանցվել մինչ օրս:

Առաջնության խաղերից Ավստրիայի և Շվեյցարիայի դիմակայության ժամանակ խփվեց ընդհանուր առմամբ 12 գոլ (Ավստրիա-7, Շվեյցարիա-5):

Ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց Հունգարիա-Կորեա խաղում, որտեղ հունգարները հաղթեցին 9:0 հաշվով:

Այս առաջնությունում բոլոր ցուցանիշներով լավագույն արդյունք գրանցեց Հունգարիայի ընտրանին, սակայն չեմպիոն դարձավ Գերմանիան:

Առաջնությունից հետո ՖԻՖԱ-ն հատուկ հուշագիր հրապարակեց. «Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին արժանիորեն, սակայն լավագույն թիմ է ճանաչվում Հունգարիան»:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում