Գերմանա-հայկական մեղեդիները հայաստանյան բեմում. Անի Աղաբեկյան, Մարիա-Էլիզաբեթ Լոթ և Վաչե Հովեյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ մայիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենան ջութակահար Անի Աղաբեկյանը, Գերմանիայից Հայաստան ժամանած ջութակահար, պրոֆեսոր Մարիա-Էլիզաբեթ Լոթը և ալտահար Վաչե Հովեյանը: Կհնչեն Յ. Ս. Բախի կրկնակի կոնցերտը, Վ. Ա. Մոցարտի «Գիշերային սերենադ»-ը և Վարդ Մանուկյանի կոնցերտը: Համերգային ծրագիրը կանցկացվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ Հայաստանում կիրականացվեն նաև ջութակի վարպետության դասեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան պատրաստվել համերգների, մրցույթների, քննությունների, բարձրացնել իրենց վարպետությունը՝ ծրագրի ազատ ընտրությամբ: Դասերը կանցկացվեն մայիսի 21-24-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Մի քանի տարի է Հայաստանում կազմակերպում ենք վարպետության դասընթաց՝ Գերմանիայից հրավիրելով հայտնի երաժիշտների: Դրանց մասնակցելու համար ընտրվել է 13-25 տարեկան 12 ուսանող: Երկու աղջիկ ժամանել է Գերմանիայից, մնացյալը Հայաստանից են: Նրանցից լավագույնները հնարավորություն կունենան մասնակցել մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային ծրագրին»,-նշեց Աղաբեկյանը:

Ջութակահարը հավելեց, որ շատ ուրախ է կրկին ելույթ ունենալ Վաչե Հովեյանի հետ:

Մարիա-Էլիզաբեթ Լոթն ասաց, որ հետաքրքրվել է հայ կոմպոզիտորների երաժշտությամբ իր հայ ընկերների շնորհիվ: Նվագել է Խաչատրյանի, Հայրապետյանի, Մանուկյանի ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ է: «Շատ եմ հավանում Վարդ Մանուկյանի կոնցերտը, շատ լավ եմ զգում այն»,-նշեց երաժիշտը:

Խոսելով առաջիկա վարպետության դասի մասին՝ Մարիան խոստովանեց, որ պատրաստվում է լսել ուսանողներին և նրանց ուղղորդել, իր տեսակետն արտահայտել մատուցվող նյութի վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ ուսանողները մեծ եռանդով կմասնակցեն` պատրաստ կլանելու իրենց տրվող տեղեկությունը:

Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի խոսքով՝ Անին է իրեն խնդրել գրել կոնցերտը, որն առաջին անգամ կատարվել է Գերմանիայում և մեծ ոգևորությամբ ընդունվել ինչպես հայերի, այնպես էլ օտարազգի երաժշտասերների կողմից: «Կոնցերտն ազգագրական երգերի մոտիվներ ունի, և ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այն կատարելու գերմանուհին: Ըստ իս` յուրաքանչյուր երաժիշտ իր ազգի հնչյունաբանությունն ու մոտեցումն է բերում»,-նշեց Մանուկյանը:

Համերգային ծրագրերի մուտքն ազատ է:

Գերմանա-Հայկական երաժշտական միությունը հիմնադրվել է 2011 թվականին: 2012 թվականից ի վեր միությունն ամեն տարի համերգային ծրագիր է իրականացնում Գերմանիայում, որին ներկայացվում են հայ և գերմանացի կոմպոզիտորների գործեր: Ելույթ են ունենում տարբեր ազգերի երաժիշտներ:

Միության նպատակը հայկական երաժշտությունը Գերմանիայում տարածելն ու երկու երկրների միջև նոր մշակութային կապեր ստեղծելն է:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ