Քաղաքականություն

Շնորհավորում եմ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

4 րոպեի ընթերցում

Շնորհավորում եմ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Բելառուսի նախագահը՝ Սոչիում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ կան շատ հարցեր՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի հետ, որոնք անհրաժեշտ է քննարկել։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց իր մեծ զարմանքը Հայաստանում մեծ թվով բելառուս լրագրողների ներկայության առնչությամբ, ովքեր եկել էին տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ «Ես շատ բարձր եմ գնահատում հանգամանքը, որ բելառուս լրագրողները փորձում էին առաջին ձեռքից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն, ինչ կարող են զգալ ու հասկանալ բելառուս լրագրողները, չեն կարող զգալ այլ երկրների լրագրողները, քանի որ մենք երկար տարիներ ապրել ենք մեկ պետության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 31-ին այն ժամանակ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:

Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:

Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կպաշտպանեն ժողովրդի թեկնածուին: Վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ինԱզգային ժողովի հատուկ նիստում: Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում