Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը. Ռուբեն Հայրապետյան
2 րոպեի ընթերցում
![Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը. Ռուբեն Հայրապետյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933253.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինձանից «քարտ բլանշ» է ստացել: Նրան հարցրեք, թե ինչու է հավաքական հրավիրել Յուրա Մովսիսյանին: Ես Մինասյանին խնդիրել եմ, որ այս ծանր շրջանում գա և գլխավորի հավաքականը: Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը: Եվ մենք միմյանց առաջ ոչ մի պայման չենք դրել»,-ասաց Հայրապետյանը:
Հայրապետյանը խոսեց նաև հավաքական հրավիրված 6 մյուս ֆուտբոլիստների մասին` մասնավորապես փաստելով. «Դավիթ Յուրչենկոյի հետ զրուցել ենք և նախապես իր համաձայնությունը ստացել ենք: Բոլոր մյուս 6 ֆուտբոլիստներից ևս ստացել ենք իրենց համաձայնությունը»:
ՀՖՖ նախագահի կարծիքով՝ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը մեծ վստահություն ունի ընտրանու նոր ներուժի վրա: «Մինասյանը «դուխով» է և ոգևորված: Նա ասում է, որ ունենք հնարավորություն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,-շեշտեց ՀՖՖ նախագահը:
Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվեց 2018 թվականի ապրիլի 10-ին: