Սիրիայի հարցով բանակցություններին կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը
1 րոպեի ընթերցում
![Սիրիայի հարցով բանակցություններին կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933244.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցի կարգավորման գործում բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը սպասվող բանակցություններին, որոնք կայանալու են Աստանայում մայիսի 14-15-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին տեղեկացնում է Ղազախստանի ԱԳՆ-ն:
Բանակցությունների արդեն 9-րդ ռաունդում, որը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաքում, մասնակցելու են երաշխավոր-երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակները, ինչպես նաև Սիրիայի կառավարությունը և սիրիական զինված ընդդիմությունը: Դիտորդի կարգավիճակում են ՄԱԿ-ի պատվիրակությունը, Հորդանանի ներկայացուցիչները:
Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Սեդատ Օնալը, Իրանի պատվիրակությունը՝ Իրան արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: