Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականներն ավարտել են ժամանակավոր նավամատույցի շահագործումը, որի նպատակն էր Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։ 

Ըստ հրապարակման՝ հումանիտար առաքելությունը, որը ստեղծվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով, նպաստել է միլիոնավոր կգ մարդասիրական օգնության մատակարարմանը, սակայն միևնույն ժամանակ բախվում էր մշտական բարդությունների։

 «Նավամատույցի օգտագործմամբ ծովային առաքելությունն ավարտված է», - հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բրեդ Կուպերը։ 

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն անկլավ  մարդասիրական օգնության առաքման ջանքերը կկենտրոնացնի Իսրայելի Աշդոդի նավահանգստում, որը գտնվում է Գազայից հյուսիս։

Հրատարակությունը նշում է, որ գործարկումից անմիջապես հետո նախաձեռնությունը, որի համար Վաշինգտոնն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել, բախվել է բազմաթիվ խնդիրների։ Ուժգին ալիքները վնասել են կառույցը, ինչի պատճառով դրա աշխատանքը դադարեցվել է։ Բացի այդ, մարդասիրական օգնություն ցույց տվող խմբերը, որոնք պետք է զբաղվեին պարենի բաշխմամբ այն ափ հասնելուց հետո, հրաժարվել են դա անել՝ անձնակազմի անվտանգության համար անհանգստության պատճառով:

Կուպերը հայտնել է, որ մայիսի 17-ին գործողության մեկնարկից ի վեր նավամատույցի միջոցով Գազայի հատված է հասցվել մոտ 20 միլիոն ֆունտ (շուրջ 9000 տոննա) մարդասիրական օգնություն, ինչը Գազայի բնակչությանն անհրաժեշտ օգնության չնչին մասն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում