Ռազմական ծախսերը, Սաակաշվիլիի Վրաստան տեղափոխվելն ու ԼՂ հարցում փոխզիջումները. Փաշինյանին ուղղված հարցերն ու պատասխանները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի ռազմական ծախսերը պետք է ադեկվատ լինեն տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ռազմական ծախսերը: «Համարո՞ւմ եմ ես, որ Հայաստանն այսօր ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն, այո, համարում եմ: Այսօր Հայաստանն ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն: Եվ համոզված եմ, որ մենք կկարողանանք բյուջետային եկամուտներն էականորեն ավելացնել, ինչի արդյունքում էականորեն կավելանան նաև ռազմական ծախսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե Վրաստանի նախին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ակնկալում է իր՝ Վրաստան վերադառնալու հետ կապված Նիկոլ Փաշինյանի հստակ վերաբերմունքը՝ ՀՀ վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ որևէ կապ չի ունեցել և չունի Միխայիլ Սաակաշվիլիի հետ: «Անձամբ չեմ ճանաչում Սաակաշվիլիին, երբեք որևէ շփում նրա հետ չեմ ունեցել: Աշխարհում շատ մեծ արձագանք է գտել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Հիմա եթե փորձենք հասկանալ, թե ովքեր են վերաբերմունք հայտնել, կտեսնենք, որ դա արել են ամենատարբեր ազգությունների, կողմնորոշումների տեր մարդիկ: Դա որևէ կերպ չի ազդում տեղի ունեցողի վրա: Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալը բացառապես Վրաստանի ներքին գործն է և Միխայիլ Սաակաշվիլիի գործն է»,- ասաց Փաշինյանը:

Տաճատ Վարդապետյանը նաև հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հակամարտության կարգավորումն առանց փոխզիջումների: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ կողմերից մեկը պետք է խոսի փոխզիջումների մասին, երբ մյուս կողմը հայտարարի, որ գրավելու է Երևանը: «Փոխզիջման մասին խոսել իմաստ ունի, եթե երկու կողմը խոսում են այդ մասին: Ես միշտ ասել եմ՝ ծիծաղելի է, երբ Ադրբեջանի հոխորտանքներին հայկական կողմից պատասխանում են փոխզիջումների մասին խոսակցություններով»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Հայերեն English

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկում

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը