Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ վարչապետ ընտրվելու պարագայում ԶՈւ կադրային կայունությանը ոչինչ չի սպառնալու
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգմավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է: «Այս նոր կարգավիճակով Ձեր կարծիքները ցույց տվեցին, որ առանձնապես մեծ, գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի խնդրի կարգավորման, ԵԱՏՄ-ի, անգամ նաև կադրային քաղաքականության հարցերում մեր իշխանության վարած քաղաքականության հետ առանձնապես չկան: Սա իմ դիտարկումն է: Ամենամեծ տարբերությունը, կարծեք թե, համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, պարո՛ն Փաշինյան, այնպես չէ, որ անհամբեր ենք եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նաղդալյանը՝ ավելացնելով, որ ադրբեջանական մամուլը վերջին օրերին մի շարք պետական և քաղաքական գործիչների շուրթերով իր գոհունակությունն է հայտնել այն իրադարձությունների կապակցությամբ, որ կատարվում են Հայաստանում և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտան, որոնց հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ԼՂ խնդրի հարցում:
«Դուք որևէ վտանգ զգո՞ւմ եք հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից»,- հարցրեց Նաղդալյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իրենք խոսում են ինչ-որ պրոցեսների շարունակականության մասին, ապա շարունակականությունը չի նշանակում նույնականություն. «Ինչպես գիտեք՝ սատանան դետալների մեջ է: Ինչ վերաբերում է քաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ կարծում եմ, որ մեր զինված ուժերի կայունությանը,այդ թվում՝ կադրային կայունությանը ոչինչ չի սպառնում: Մեր տրամադրվածությունը կադրային ջարդ իրականացնելը չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն: Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են՝ նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»:
Արձագանքելով՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ փաստորեն, որքանով հասկանալի էր, զինված ուժերի հետ կապված կադրային խնդիրների մեջ էլ Փաշինյանը շարունակական է լինելու, ինչն ուրախալի է:
Փաշինյանն ասաց, որ ինքն այլ բան է ասում, իրենք խնդիր ունեն համերաշխության մթնոլորտ հաստատելու, որովհետև համերաշխության մթնոլորտում են հնարավոր լինում հարցերի արդյունավետ քննարկումն ու լուծումներ գտնելը: