Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել հայտնի ջութակահար Ռեյ Չենի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ համաշխարհային ճանաչում վայելող ջութակահար Ռեյ Չենի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը համաշխարհային ու մալթական մամուլի ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր առավոտ ծովափնյա հյուրանոացյին համալիրի մամուլի սրահը միավորում է տարբեր կետերից եկած լրագրողների՝ քննարկելու նախորդ օրվա համերգային երեկոն, ինչպես նաև՝ բացահայտելու հաջորդ համերգի ծրագիրն ու մենակատարին:
Հերթական ասուլիսի հյուրը համաշխարհային ճանաչում վայելող ջութակահար Ռեյ Չենն էր:Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա բավական հայտնի է Եվրոպայում, ունի հեղինակավոր մի շարք մրցանակներ, այդ թվում՝ արժանացել է Էլիզաբեթ թագուհու մրցանակին: Չենը հայտնի է նաև իր համացանցային գործունեությամբ՝ իր խոսքով այդպիսով կապ է հաստատում հատկապես երիտասարդների հետ՝ մոտեցնելով նրանց դասական երաժշտությանը:
Ջութակահարը հայտնեց, որ չափազանց տպավորված է Մալթայի հետաքրքիր բնապատկերներով և մարդկանց ջերմությամբ: Նա մեծագույն պատասխանատվությամբ է սպասում երեկոյան կայանալիք համերգին:
Երեկոյան արդեն ջութակահարը հանդես եկավ մեր ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի՝ ջութակի և նվագախմբի համար գրված «Ծովայինբնապատկերներ» ստեղծագործությամբ:
Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Վալետայի հյուրերին ու երաժշտասեր հանրությանը ներկայացրեց Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը,Գեորգ Պելեցիսի «Endorphin Music»կոնցերտը, Ժոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատը» բալետի նախերգանքը։
Համերգի ավարտին անվերջ թվացող ծափողջույններին ի պատասխան նվագախումբն ու ջութակահար Ռեյ Չենը պատասխանեցին սիրված մի ստեղծագործությամբ՝ ներկայացնելով «Շինդլերի ցուցակը» ֆիլմի՝ Ջոն Ուիլյամսի հեղինակած երաժշտությունը։