Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ նա բացառիկ պետական այր է և անփոխարինելի պետական գործիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ և անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն: Եվ ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, նրա գլխավորած թիմում աշխատելու: Նա բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց և ուժեղություն»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողների հարցին, թե ով է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ին քաղաքական գործընթացների մասին պայմանավորվել են լռել:«Կյանքը շարունակվում է, վաղն ապրիլի 25-ն է, վաղը բոլոր ձեր քաղաքական հարցերին կպատասխանեմ»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում