Հասարակական

Եկեղեցականները ներգրավված են հավաքներին բախումները կանխելու գործընթացում. Գարեգին Բ կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Եկեղեցականները ներգրավված են հավաքներին բախումները կանխելու գործընթացում. Գարեգին Բ կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում:

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», - ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում