Պաշտոնական

ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ավարտին անդրադարձել է կառավարության որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրման հարցին:Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը ներկայացրել է Սերժ Սարգսյանի խոսքն այս առնչությամբ:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում