Մշակույթ

Հայրենիքի ու սիրո մասին Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» ժողովածուն հանձնվեց ընթերցողի դատին

3 րոպեի ընթերցում

Հայրենիքի ու սիրո մասին Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» ժողովածուն հանձնվեց ընթերցողի դատին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» ժողովածուն ամփոփում է բանաստեղծի վերջին տարիների սիրային, խոհափիլիսոփայական և հայրենասիրական բանաստեղծությունները: Դրանք իրականության և աշխարհի յուրատեսակ արտացոլանքն են: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 13-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գրքում վառ արտահայտվում է հեղինակի կենսափորձը, նրա կյանքի տարբեր ժամանակահատվածների բռնկումները, ապրումներն ու թրթիռները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրողների միության նախագահ և գրքի խմբագիր Էդվարդ Միլիտոնյանը:

Միության նախագահի խոսքով` ինքը վաղուց է ճանաչում Դավիթ Ավետիսյանին, որը երկար տարիներ աշխատում է իրավաբանական դաշտում: «Ծանոթանալով նրա գրական ստեղծագործություններին` հաճելիորեն զարմացա: Երբ տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող մարդիկ որոշում են գրել, արձակը նրանց ավելի հեշտ է տրվում, քանի որ գեղարվեստորեն անդրադառնում են իրենց կյանքի հետաքրքրական էջերին»,-շեշտեց Միլիտոնյանը և հավելեց, որ բանաստեղծությունն այլ պահանջներ ունի և բարդ է, սակայն Ավետիսյանին հաջողվել է ջինջ գործեր գրել:

Բանաստեղծ Արևշատ Ավագյանը խոստովանեց, որ, համեմատելով Դավիթ Ավետիսյանի նախորդ և այս գրքից ստացած տպավորությունները, կարող է հստակ ասել, որ հավանում է «Թափառող լույս» ժողովածուն: «Այն շատ ջերմ է, սիրով է գրված»,-ընդգծեց Ավագյանը:

«Գիրքն անվանել եմ բանաստեղծություններիցս մեկի առաջին տողով: Ըստ իս` մարդը թափառող լույսի պես է: Մարդն ինքն իրեն հարցնում է, թե որտեղի՞ց է եկել, ինչու՞ է եկել, ի՞նչ պետք է անի և մշտապես թափառումների մեջ է»,-ասաց Դավիթ Ավետիսյանը:

Ժողովածուն բազմաթիվ բաժիններ ունի, որոնք նվիրված են հայրենիքին, Ապրիլյան պատերազմի հերոսներին, ժամանակակից մարդուն, սիրուն: «Հետաքրքրական է «Կյանքի շերեփը» բաժինը: Կյանքում գոյություն ունեցող շատ բան առաջին հայացքից կարող է մանր, անկարևոր թվալ: Շեշտը դրել եմ շերեփուկների վրա, որոնք շատ մանր են, աննկատ: Նրանց միջոցով փորձել եմ ցույց տալ, որ ամեն բան իր տեղն ունի, իր անհրաժեշտությունը և կարևոր է»,-եզրափակեց հեղինակը:

Դավիթ Ավետիսյանը հրատարակել է «Կյանքն իմ աչքերով», «Ես հյուլեն եմ ամպերի», «Հոգևոր աքսոր» բանաստեղծությունների ժողովածուները, «Կյանքը երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուն, «Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր» ժողովածուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում