Մշակույթ

Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք բերել տարբեր մարդկանց. Երևանում կկայանա Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» համերգային երեկոն

6 րոպեի ընթերցում

Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք բերել տարբեր մարդկանց. Երևանում կկայանա Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» համերգային երեկոն

ԵՐԵՎԱՆ, 12, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» խորագրով համերգային ծրագրում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Յուրօրինակ երեկոն տեղի կունենա ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Երջանիկ ենք, որ Երևանում ենք: Այս համերգին մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում: Անհանգստությունը մեծ է. ես և երաժիշտներն անհամբերությամբ ենք սպասում փորձին և մեր լսարանի հետ հանդիպմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-ին լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց երգչուհին:

Համերգային ծրագրում կհնչեն հեղինակային երգեր, ինչպես նաև հայկական, ռուսական, վրացական, ֆրանսիական երգեր:

Համերգային ծրագիրը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հիշելով իր ծանոթությունը կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ` Գվերդծիթելին ասաց, որ իր համար այդ հանդիպումը մեծ բախտավորություն էր:

Նրա խոսքով` իր պրոդյուսերը որոշել է երգչուհու տեսաերիզն ուղարկել Ֆրանսիա: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր ստեղծագործողներ են իրենց գործերն ու կատարումներն ուղարկել Եվրոպա, բայց Թամարա Գվերդծիթելիին բախտը ժպտացել է, և նրա տեսաերիզը հայտնվել է Միշել Լեգրանի ձեռքում: «Նա է ինձ հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել: Ծանոթացանք Փարիզում, զրուցեցինք, տարբեր ստեղծագործություններ փորձեցինք: Միշել Լեգրանն իմ հանդեպ բարյացակամ էր և ջերմ: Եթե աշխարհում նման մարդիկ չլինեին, երաժշտական մի շարք ուղղություններ պարզապես գոյություն չէին ունենա»,-ընդգծեց երգչուհին:

Խոսելով Առնո Բաբաջանյանի մասին, ում երգերը երգչուհին կատարում է գրեթե բոլոր համերգներին, նա շեշտեց, որ Բաբաջանյանը հանճարեղ կոմպոզիտոր էր, հրաշալի դաշնակահար` օժտված տիեզերական տաղանդով: «Նա ինձ համար գրեց «Ներիր ինձ» երգը, և ես երջանիկ եմ, որ աշխարհի այս կամ այն ծայրում այն հնչեցնելով՝ ասես կապ եմ հաստատում կոմպոզիտորի հետ: Այդ ստեղծագործության առաջին նոտաները, առաջին տողերը երջանկացնում են երաժշտասերներին»,-խոստովանեց Գվերդծիթելին:

Երգչուհին երաժշտարվեստում իր այցեքարտն է համարում «Виват, король!», «Мамины глаза» երգերը:

«Վերոնշյալ ստեղծագործություններն ինձ մեծ ճանաչում բերեցին Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում: «Виват, король!»-ը գրվել է մեկ գիշերվա ընթացքում: Այն խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Օլեգ Բլոխինի հրաժեշտի խաղին կատարելու համար էր նախատեսված: Ոչ ոք չէր կարծում, որ այդ երգը նման ժողովրդականություն կվայելի և պահանջված կլինի մինչ օրս: Եթե անգամ նախատեսված չի լինում այս կամ այն համերգին կատարել այն, երկրպագուները պահանջում են, և ես երգում եմ»,-պատմեց երգչուհին:

Չնայած նա երգում է տարբեր լեզուներով` նշեց, որ երաժշտությանը սեր կխոստովաներ վրացերենով, ռուսերենով և ֆրանսերենով:

Երգչուհին շեշտեց, որ միշտ երգել է և երբեք այլ գործով չի զբաղվել: «Ես դեռ մանուկ էի, երբ մայրս հասկացավ, որ երաժշտական շնորհ ունեմ: Իսկ հետո հասկացավ, որ իսկական արտիստուհի եմ… Իմ օրը սկսվում և ավարտվում է երաժշտությամբ: Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք պարգևել տարբեր մարդկանց: Կարևոր է, որ երաժիշտը հասկանա՝ ինքը լավ բան է անում հանրության համար»,-եզրափակեց Գվերդծիթելին:

Թամարա Գվերդծիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն) ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը, և նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

Թամարա Գվերդծիթելին 1987 թվականից ի վեր տարբեր մրցանակաբաշխություններում և մրցույթներում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ։ 1991 թվականին նա հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդծիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդծիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley երգերի կատարումներով: Թամարա Գվերդծիթելին կատարում է երգեր ավելի քան տասը լեզվով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նա երգացանկում մշտական տեղ ունեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում