ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 11-ին հրապարակել է անցումային երկրներում ազատության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զեկույցում անցումային երկրներում ազատության իրավիճակին գնահատական է տրվել այնպիսի ցուցանիշների վերլուծության արդյունքում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարման, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման, իրավական համակարգի անկախության, կոռուպցիայի ցուցանիշները:
Զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել:
«Ադրբեջանում շարունակվել են ազատությունների սահմանափակումները, ուժեղացել են իշխանությունների հակառակորդների նկատմամբ ճնշումները, քաղաքական մոտիվներով ձերբակալությունները դարձել են սովորական»,-նշվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ժողովրդավարական կանոնների և չափանիշների անտեսումն ազգային քաղաքականության բնույթ է ստացել:
«Այս ամենն արտացոլվում է երկրի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների անտեսմամբ, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներով, եվրոպական գործիչների կաշառմամբ, անցանկալի սոցկայքերի արգելափակմամբ, հավատացյալների նկատմամբ ճնշումներով և այլն»,- նշվում է կազմակերպության զեկույցում:
Ադրբեջանում ապրիլի 11-ին անց են կացվում նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ ուղեկցվում են հակաժողովրդավարական մեթոդների կիրառմամբ, ավանդական դարձած ընտրակեղծիքներով, լրագրողների և դիտորդների նկատմամբ իրականացվող ճնշումներով: