Մշակույթ

«Նեմրա»-ի մենահամերգին երկրպագուները խմբի հետ կատարեցին բոլոր երգերը

3 րոպեի ընթերցում

«Նեմրա»-ի մենահամերգին երկրպագուները խմբի հետ կատարեցին բոլոր երգերը

ԵՐԵՎԱՆ, 7, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» (NEMRA) ռոք խումբն իր վեցամյա երաժշտական գործունեությունը նշեց թեժ և ուրախ համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին «Born in 94», «I'm a Liar», «Connection lost», «Daisy», «Զի’մ խորոտիկ յար» և մի շարք այլ սիրված երգեր: Համերգն անցկացվեց ապրիլի 6-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

«Երկար ենք պատրաստվել այս երեկոյին և ցանկանում ենք մեր ողջ դրական էներգիան բեմից փոխանցել մեր երկրպագուներին, որոնց հետաքրքրությունը մեր գործունեության նկատմամբ այս տարիների մեր մեծագույն ձեռքբերումն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վոկալիստ և կիթառահար Վանը:

Խմբի բաս-կիթառահար Վասպուր Եղիազարյանը խոստովանեց, որ աշխատել են ներկայացնել ստեղծագործություններ, որոնք, վստահաբար, իրենց հետ կերգեն երկրպագուները: (Վասպուրը չսխալվեց):

Մարիաննա Կարակեյանը (ստեղնաշարային գործիքներ) հավելեց` շեշտելով, որ իրենց երաժշտության սիրահարները շատ տաղանդավոր են և արագ են յուրացնում երգերը:

Համերգին «Նեմրա»-ի երկրպագուներին անակնկալ մատուցեցին նաև հյուրերը. «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը խմբի հետ կատարեց «Leave me alone» երգը, իր մեղեդային և զգացմունքային երգեցողությամբ երաժշտասերներին դրական հույզեր փոխանցեց երգչուհի Լուսինե Մարդանյանը: Ինքնատիպ կատարմամբ դահլիճը «պայթեցրեց» Գոռ Սուջյանը, որի «Ես կուլամ» ստեղծագործությունը երգչի հետ հավասար երգեցին «Նեմրա»-ի երկրպագուները:

Դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը ջերմ, «բրավո»-ների պակաս չկար:

Հիշեցնենք, որ խումբը ներկայումս բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում: «Նեմրա»-ի անդամներն աշխատում են երկրորդ սկավառակի ձայնագրման վրա: Ձայներիզը կկոչվի դրանում զետեղված 11 երգերից մեկի վերնագրով` «Hmm»:

Վանը կատակով ասաց, որ մարդիկ այն կլսեն և կասեն. «Հը՜մ»: «Այդ ստեղծագործությունը մեզ համար շատ սիրելի է, բովանդակային առումով՝ արժեքավոր»,-նշեց երգիչը:

«Նեմրա» ռոք-խումբը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 17-ին: 2013 թվականին կայացել է խմբի առաջին մենահամերգը, հրապարակվել առաջին ձայնագրությունը: 2015-ին խումբն առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը ՌԴ-ում անցկացվող «Voice of Nomands» ամենամյա փառատոնին: 2016 թվականին թողարկվել է խմբի առաջին ձայնասկավառակը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում