Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչում երկու հաղթող կընտրվի
2 րոպեի ընթերցում
«Առաջին փուլին մասնակցելու դիմում էր ներկայացրել ութ երաժիշտ, որոնցից եզրափակիչ անցան հինգը` երեք դաշնակահար, մեկ շեփորահար և ջութակահար: Ժյուրիի անդամների կարծիքով, մրցակցությունը բավականին ուժեղ է: Հաղթողներին ընտրելու սկզբունքը համապատասխանում է այս ոլորտում ընդունված բոլոր միջազգային մրցույթների չափանիշներին: Հաշվի է առնվում երաժշտականությունը, ոճի ընկալումը և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը:
Հաջորդ շաբաթ կմեկնարկի վոկալ անվանակարգում անցկացվող մրցույթը, որի առաջին փուլի համար 27 երաժիշտ է դիմել: Ե՛վ գործիքային, և՛ վոկալ անվանակարգերում երկու հաղթող է ճանաչվելու: Նրանց անուններն ավելի ուշ կհրապարակվեն:
Մրցույթին մասնակցելու համար Գերմանիայից Հայաստան ժամանած միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Էդիտա Հակոբյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ կլինի ՀՀ նախագահի մրցանակի արժանանալը: «Որքան էլ ելույթներ ունենանք աշխարհի տարբեր երկրներում, հաջողությունների հասնենք, միևնույն է, Հայաստանում գնահատվելն այլ զգացողություն է»,-խոստովանեց նա:
Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության և գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողները ստանում են վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ծրագրի համակարգմանև կազմակերպչականաշխատանքներըկատարում է «Հայաստան»համահայկականհիմնադրամը՝«Պողոսյան» հիմնադրամի (Բելգիա-Շվեյցարիա)ֆինանսավորմամբ: