Խոսքի արվեստը միշտ էլ առաջնային է. նշվում է պոեզիայի միջազգային օրը
3 րոպեի ընթերցում
![Խոսքի արվեստը միշտ էլ առաջնային է. նշվում է պոեզիայի միջազգային օրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926987.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի բարձրագույն տեսակներից մեկը` պոեզիան, մարդկային հույզերի, ապրումների, երևակայության թռիչքների հարուստ ու ներդաշնակ աշխարհ է:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:
Որոշման մեջ նշվում է, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան նշեց, որ լավ բանաստեղծություններ հաճախ չէ, որ գրվում են, սակայն երբեմն ծնվում են այնպիսի տողեր, որոնք իսկապես մարդու հոգու, սրտի հետ են խոսում: «Եթե մարդիկ ընթերցում են բանաստեղծություններ, սիրում են, այսօր նաև համացանցի միջոցով տարածում են դրանք, ուրեմն պոեզիան պատասխանում է նրանց մի շարք հարցերի և խնդիրների»,-ընդգծեց բանաստեղծը:
Նրա խոսքով` բանաստեղծությունը, առհասարակ գեղարվեստական խոսքը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Նրա համոզմամբ` խոսքի արվեստը միշտ էլ առաջնային է, պարզապես համապատասխան միջավայր պետք է ստեղծվի դրա զարգացման համար:
Հուսիկ Արան հավելեց, որ կա գեղեցկության օր, երջանկության օր, այլ օրեր և հաճելի է, որ չի անտեսվել պոեզիան:
Երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանն ասաց, որ դժվար է այսօր բանաստեղծության համար որևէ գործառույթ առանձնացնել: «Նախկինում, երբ տեղեկատվության փոխանցման աղբյուրը միայն գիրքն էր, գրականության ուսերին դնում էին դաստիարակության, աշխարհաճանաչողության, կրթական ծանր պարտականություններ: Բայց այս ամենը պոեզիայի կամ գրականության գերնպատակը չէ: Ինձ համար գիրքը ընկեր է, ով զրուցում է քեզ հետ, բանաստեղծությունն էլ հեղինակի ապրելակերպի փնտրտուքն է այն իրականությունում, որտեղ ստեղծվել է»,-ընդգծեց պոետը:
Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Անժելա Համբարձումյան