Life

«Եվրատեսիլ 2018». Ավարտվել են Սևակ Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի նկարահանումները

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2018». Ավարտվել են Սևակ Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 19ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնող երգիչ Սեւակ Խանաղյանը շուտով կներկայացնի «Քամի» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ նկարահանումները տեւել են 2 օր:

«Առաջին օրը նկարահանել ենք փոքր տեսարան Գառնիում: Երկրորդ օրը՝ հիմնական տեսարանները, որոնք իրականացրել ենք տաղավարում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա՝ պետք է տեսահոլովակում ցույց տալ միայն Սեւակի հոգեվիճակը: Ոչ մի ավելորդություն պետք չէ, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը երգից չշեղվի: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ տեսահոլովակում լուսային էֆեկտներ և մոնտաժային հետաքրքիր լուծումներ ենք օգտագործել»,- ասաց Արթուրը:

Ռեժիսորի խոսքով՝ ինքն այնպեսի մոտեցումներ է փորձել գտել, որոնք օտարերկրացու համար հասկանալի կդարձնեն երգի իմաստը: «Ինձ վրա մեծ պատասխանատվություն կար, որ տեսահոլովակի միջոցով եվրոպացիներին տեղ հասցնեմ երգի իմաստը: Ճիշտ է, երգը հայերեն է ու հենց դրանով կարող է հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, բայց մի մտավախություն կա, որ նրանք չեն հասկանա երգի իմաստը: Դրա համար մենք փորձել ենք տեսահոլովակում Սեւակի հոգեվիճակով ներկայացնել երգի իմաստը»,- նշեց նա:

Արթուր Մանուկյանն ավելացրեց, որ Սեւակի հետ հեշտ է եղել աշխատելը: «Ոչ միշտ է, որ արտիստի հետ առաջին համագործակցությունը ստացվում է: Սեւակի հետ հեշտ է աշխատել: Մենք իրար արագ ենք հասկանում: Նկարահանումների ընթացքում բարդություններ չեն եղել»,- նշեց նա:

«Արմենպրես լայֆ»-ը զրուցեց նաև Սեւակ Խանաղյանի հետ, ով նշեց, որ իր համար կարեւոր է հայերեն երգով ներկայանալ այս տարվա «Եվրատեսիլին»: «Յուրաքանչյուր օր լավ արձագանքներ եմ ստանում եվրոպացի հանդիսատեսից, ինչն, անշուշտ, ոգեշնչում է: Տեսահոլովակում շատ անկեղծ եմ եղել, ուստի նկարահանման ընթացքում դժվարություններ չեն առաջացել: Արդեն հասցրել եմ շատ ռեժիսորների հետ աշխատել, բայց Արթուր Մանուկյանի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Արթուրի հետ աշխատելը հեշտ էր և հաճելի: Նա իսկական պրոֆեսիոնալ է. ունի հստակ ասելիք, որը պատկերի միջոցով կարողանում է հասցնել հանդիսատեսին»,- ասաց Սեւակը:

Հարցին, թե որ մասնակիցների երգերն են իր համար ֆավորիտ, երգիչը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել ծանոթանալ բոլոր մասնակիցների երգերին, բայց պետք է ասեմ, որ կան շատ հետաքրքիր երգեր, որոնք մրցույթն էլ ավելի դիտարժան կդարձնեն»:

Մելինե Տոնոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում