Տնտեսություն

Երկու ամսում Հայաստանում հարկային եկամուտներն աճել են մոտ 12 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Երկու ամսում Հայաստանում հարկային եկամուտներն աճել են մոտ 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին պետական բյուջեի հարկային ու մաքսային եկամուտները կազմել են 183.9 միլիարդ դրամ, որը 2017-ի երկու ամիսների համեմատ աճել է 11.7 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով` առանց մաքսային գծով վճարների՝ առևտրային հարկ վճարողներն այս տարի 12.2 տոկոսով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: «Խոշոր ու միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 104 տոկոս, փոքր հարկ վճարողներինը`19,5 տոկոս: Աճի այս տեմպերը տնտեսական ակտիվության և օրենսդրական փոփոխությունների արդյունք են, ինչը թույլ է տալիս ասել, որ հարկային եկամուտների աճն ապահովվել է ստվերի կրճատման հաշվին»,-ասաց Կարեն Բրուտյանը:

2017-ին պետական բյուջե հաշվեգրված հարկային ու մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ`ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 124,7 միլիարդ դրամով կամ 11,6 տոկոս: Աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017-ի ընթացքում գերավճարները նվազել են 13.1 միլիարդ դրամով կամ 9 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում