Նիկոլ Փաշինյանը պահանջում է քրեական գործ հարուցել «Ելք»-ի քվեաթերթիկների խնդիրը պարզելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության անդամների քվեաթերթիկները յոթից դարձել 2: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է, թե «Ելք»-ից 4 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, Փաշինյանը նշեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա, հիմնավորի իր ասածները»։
Հարցին, թե ՀՀԿ-ին ինչի համար էր պետք փոխել քվեաթերթիկները, Փաշինյանը պատասխանեց, որ այդ ամենն արվում է «Ելք»-ի մեջ պառակտում մտցնելու համար։
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ևս մեկ անգամ պնդեց, որ արձանագրության տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով մասնակցել է քվեաթերթիկների հաշվարկին:
Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ անհիմն է համարում քվեաթերթիկներ փոխելու մասին հայտարարությունները՝ ընդգծելով, որ որևէ խնդիր չի տեսնում վերահաշվարկ իրականացնելու մեջ: