Հասարակական

Երևանում կայացավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան 

3 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆիլմի պրեմիերային ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած 7 վետերան և այլք:

Անդրեյ Իվանովը ՌԴ դեսպանատան անունից շնորհակալություն հայտնեց ֆիլմի հերոսներին՝ վետերաններին:

«Ես երջանիկ եմ և հպարտ, որ մասնակցում եմ այս միջոցառմանը, որովհետև կա հնարավորություն անձամբ շնորհավորել հայ վետերաններին: Ես երջանիկ եմ և հպարտ նաև նրա համար, որ Հայաստանում կան հրաշալի երիտասարդներ, ովքեր պահում և հարգում են իրենց նախնիների հիշատակը»,- ասաց Իվանովը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը ընթերցեց նաև ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը:

«Ստալինգրադյան ճակատամարտում որոշվում էր ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև ամբողջ մարդկության ճակատագիրը: Շնորհիվ հերոսների գերբնական խիզախության, համառության և ինքնազոհության` Ստալինգրադը կանգուն մնաց: Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որ մեր նախնիների սխրանքը երբեք չմոռացվի և հավերժ ապրի: Շատ հաճելի է տեսնել դպրոցականներին, ուսանողներին և կուրսանտներին, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը հերոսների հիշատակը պահելու հարցում»,- նշված էր ուղերձում:

Ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչը նշեց, որ ֆիլմի ստեղծման նպատակն է երախտիք հայտնել հայ վետերաններին, ովքեր կռվել են Ստալինգրադի ճակատամարտում:

«Ֆիլմի ստեղծման համար oգտագործել ենք տարբեր աղբյուրներ, հարցազրույցներ ենք անցկացրել այդ ճակատամարտում մասնակցած վետերաններին հետ»,- նշեց Ռուսանևիչը և հավելեց, որ ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև Մոսկվայում:

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) ՀԿ-ի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում