Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու մեջ 

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու մեջ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միլլի մեջլիսի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին և ԱՄՆ-ին մեղադրել Թուրքիայի դեմ պայքարելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Սիրիայում ԱՄՆ ուժերի պայքարն ընդդեմ «Իսլամական պետության» իրականում բեմականացում է, և այն վերածվել է Թուրքիայի դեմ պայքարի»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև անդրադարձել է մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատար Փոլ Ֆանքի կատարած հայտարարությանը:

«Այդպիսի բաներ ասում են նրանք, ովքեր ծանոթ չեն օսմանյան ապտակին»,-ասել է Էրդողանը:

ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել էր Փոլ Ֆանքը:

Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել էր իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ, Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում