Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան կայցելի շուրջ 100 պատվիրակություն

4 րոպեի ընթերցում

 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան կայցելի շուրջ 100 պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ մեծ վստահության դրսևորում էր այն, որ լիակատար անդամակցության 5 տարվա պատմություն ունեցող մեր երկրին հնարավորություն ընձեռնվեց նախագահելու 50 տարվա պատմություն ունեցող կառույցը: Այս մասին պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն անկախության այս տարիների ընթացքում շատ հնարավորություններ է ունեցել նախագահելու տարբեր միջազգային կառույցներում, եղել է նախագահող ՀԱՊԿ-ում, Եվրախորհրդում, ՍԾՏՀ-ում և այլ կառույցներում: Սակայն մեծ տարբերությունն այն է, որ այդ բոլոր նախագահությունները եղել են ռոտացիոն, մինչդեռ Ֆրանկոֆոնիայում դա ռոտացիոն նախագահություն չէ: Բավական սուր մրցակցային պայմաններում մեզ հաջողվեց ստանձնել այս կառույցի ղեկավարությունը»,- նշեց Նալբանդյանը:

Նրա համոզմամբ՝ դա ցույց է տալիս այն վստահությունն ու համերաշխությունը, որ միջազգային հանրությունն ունի Հայաստանի նկատմամբ:

Ասոցացված և դիտորդ 84 անդամ ունեցող կառույցից բացի, Հայաստան պատվիրակություններ են ժամանելու նաև տարբեր ֆրանկոֆոն գործակալություններից և գործընկեր կառույցներից, հրավերներ են ուղարկվել մի շարք միջազգային կազմակերպությունների:

«Հոկտեմբերին Հայաստան է այցելելու շուրջ 100 պատվիրակություն: Հուսով ենք, որ շատ պատվիրակություններ ղեկավարվելու են ամենաբարձր մակարդակով»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Հիշեցնելով, որ նախարարների համաժողովին Հայաստանն արդեն ստանձնել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ նախարարն ընդգծեց, որ Հայաստանին բացառիկ հնարավորություն է ընձեռնվում ներկայացնելու երկիրը միջազգային հանրությանը, ընդլայնելու կապերի, հարաբերությունների աշխարհագրությունը, սերտացնելու, զարգացնելու, խորացնելու համագործակցությունը ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների հետ:

«Կցանկանայի նշել, որ մենք պատրաստում ենք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նոր հիմնարար փաստաթուղթ: Դա «Ապրել միասին» պակտն է: Դա բավական լուրջ փաստաթուղթ է լինելու, որն արդեն սկսել ենք մշակել, քննարկել անդամ երկրների, քարտուղարության հետ: Գագաթնաժողովի ժամանակ ընդունվելու է եզրափակիչ՝ Երևանյան հռչակագիր: Բացի այդ, ընդունվելու են ևս մոտ 10 բանաձևեր տարբեր հարցերի շուրջ»,- հայտնեց Նալբանդյանը:

Նա տեղեկացրեց, որ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը մտադիր է անցկացնել Ֆրանկոֆոն գործարար համաժողով, որը հնարավորություն կտա սերտացնել, ամրապնդել ինստիտուցիոնալ կապերը ֆրանկոֆոն երկրների գործարարների միջև: «Դա հնարավորություն կտա նաև Հայաստանին ավելի ընդլայնել համագործակցությունը, տնտեսական ոլորտում իրականացնել տարբեր ծրագրեր այս երկրների հետ: Նպատակն է՝ ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Դա կայանալու է մեր նախագահության օրոք, և դա բացառիկ հնարավորություն է բոլոր ֆրանկոֆոն երկրների, այդ թվում և Հայաստանի համար»,- հայտնեց ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում