ԽՍՀՄ առաջին քաղաքացին, ով հանդիպել է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ. «Արմենպրես»-ը ներկայացնում է Արամ Խաչատրյանի նշանավոր հանդիպումները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրությունը լի է նշանավոր մարդկանց հետ հանդիպումներով: Կոմպոզիտորն իր շրջագայությունների ընթացքում բազմիցս հանդիպման առաջարկներ է ստացել համաշխարհային դեմքերից՝ գրողներից, նախագահներից, արքայական ընտանիքներից: «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է կոմպոզիտորի՝ Իտալիայում ունեցած նշանավոր հանդիպումները:

Խաչատրյանի հանդիպումը Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ

1960-ին Խաչատրյանն արժանացել է Սանտա-Չեչիլիա երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: Արդեն հարյուրամյակների պատմություն ունեցող ակադեմիայում որպես պատվավոր պրոֆեսորներ ընտրվում էին միայն աշխարհի ամենաճանաչված երաժիշտները: Հենց այդ առիթով, երբ Խաչատրյանը 1963-ին այցելել էր Իտալիա՝ մասնակցելու իր պատվին կազմակերպված հանդիսությանը, ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Բուստինին փոխանցել է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի հետ հանդիպման հրավեր: Խաչատրյանն, իհարկե, միանգամից տվել է իր համաձայնությունը: Մի քանի օր անց կոմպոզիտորն իր տիկնոջ՝ Նինա Մակարովայի հետ հյուրընկալվել է Վատիկանում:

«Խաչատրյանը Վատիկանը հիշել է որպես մի վիթխարի շքեղ շինություն, որն ավելի շատ նման է թանգարանի: Հարկ է նշել, որ այդ տարիներին Խորհրդային Միությունն ու Վատիկանը դիվանագիտական կապեր չունեին դեռ, և Խաչատրյանը Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, ում հետ Հռոմի պապը 30 րոպե տևողությամբ զրույց է ունեցել: Նման հանդիպումների ժամանակ սովորաբար միայն Հռոմի պապն է խոսել, սակայն այս մեկը տարբերվել է գեղեցիկ երկխոսությամբ: Ինչպես Խաչատրյանն է վերհիշել հետագայում՝ ինքը շատ տպավորված է եղել Հռոմի պապի արվեստի, նվագախմբերի, երաժիշտների մասին իրեն ուղղված հարցերով»,-պատմում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Հովհաննես 23-րդն իր մեծ ուրախությունն է հայտնել, որ Խաչատրյանն ընտրվել է ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր և նաև իր հիացմունքը՝ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության նկատմամբ: Հանդիպմանը Հռոմի պապն ասել է, որ հայ ժողովուրդը փոքրաքանակ է, սակայն աշխարհին պարգևել է բազում հանճարներ: Նա նաև ասել է՝ կարծում եմ, եթե կյանքը լիներ երգ, շատ գեղեցիկ երգ կլիներ: Խաչատրյանն էլ պատասխանել է, որ, իր կարծիքով, աշխարհի բոլոր բարի մարդիկ ձգտում են կյանքը դարձնել գեղեցիկ երգ: Հանդիպման ավարտին որպես հուշանվեր Հռոմի պապը Խաչատրյանին հանձնել է Վատիկանի շքանշանն իր պատկերով, իսկ Նինա Մակարովային` խաչ: Որպես հանդիպման հուշ, մի քանի օր անց Խաչատրյանին հանձնվել է հանդիպմանն արված համատեղ լուսանկարը: Այն այժմ պահվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում:

Արամ Խաչատրյանի հանդիպումն Իտալիայի նախագահի հետ

Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Իտալիայի այդ ժամանակի նախագահ Սենյիի հետ: Նախագահն անձամբ է հրավիրել նրան: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իտալիայում Խորհրդային Միության դեսպանը: Հանդիպման կարևոր արդյունքն եղել է այն, որ Խաչատրյանը զրույցի ժամանակ առաջարկել է, որ Իտալիայի և Խորհրդային միության մշակութային կապերը զարգացնելու համար Միլանի հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնը հյուրընկալվի Մոսկվայում, իսկ Մոսկվայի Մեծ թատրոնը՝ Միլանում: Գաղափարը դուր է եկել նախագահին, և համերգային այդ շրջագայություններն իսկապես տեղի են ունեցել:

«Իտալիա ժամանումը կարևորվել է ևս մի հետաքրքիր իրադարձությամբ, որի մասին գրել են այդ ժամանակի Իտալիայի բազմաթիվ թերթեր:-Նշում է Արմինե Գրիգորյանը:- Երբ Խաչատրյանն այցելել է Վենետիկ, նրան հրավիրել են «Լա Ֆենիչե» օպերային թատրոն` ներկայացման ներկա գտնվելու: Սակայն, երբ Խաչատրյանը մտել է թատրոն, ներկայացումն արդեն սկսված է եղել: Երբ դիրիժորին հայտնել են, որ Խաչատրյանն արդեն եկել է, նա ընդհատել է ներկայացումն ու հայտարարել, որ այցելությամբ իրենց պատվել է մաեստրոն: Խաչատրյանի պատվին նվագել են ողջույնի քայլերգ: Ողջ դահլիճը հոտնկայս դիմավորել է նրան: Ներկայացումից հետո օպերային թատրոնի տնօրենն ասել է, որ թատրոնի պատմության մեջ եզակի դեպք է գրանցվել, որ ներկայացումն ընդհատվել է: Դա վկայում է այն մեծ սիրո և հարգանքի մասին, որ Խաչատրյանը վայելում է Իտալիայում»:

Իտալիան, առհասարակ, մեծ դեր է խաղացել Խաչատրյանի ստեղծագործական կյանքում: Այն առաջին արտասահմանյան երկիրն է, որտեղ կոմպոզիտորը համերգային խոշոր շրջագայություն է կատարել: Նշանակալի է այս երկիրը նաև նրանով, որ 1950-ին Իտալիա առաջին այցելության ընթացքում Խաչատրյանը վերջնականապես եկել է այն եզրահանգմանը, որ իր հաջորդ գործը պետք է լինի «Սպարտակ»-ը: Նա փորձել է այցելել նաև այն բոլոր վայրերը, որոնք ինչ-որ չափով կապված են այդ պատմության հետ, ուսումնասիրել է իտալական վաղ ժամանակների երաժշտությունը: Ինչպես ինքն է ասել՝ Կոլիզեյի պատերի մոտ կանգնած ավելի է համոզվել «Սպարտակ»-ը ստեղծելու գաղափարում:

Աննա Գրիգորյան

Լուսանկարը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի