Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին
6 րոպեի ընթերցում

Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը, Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հնարավորություն է տալիս կայացած և սկսնակ հայ երաժիշտներին ձայնագրել և թողարկել թվային սինգլներ, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube և ավելի քան 80 միջազգային հարթակներում, գովազդային աջակցություն և այլն:
Արդեն հայտնի է «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի կարճ ցանկը (short-list): Դժվարագույն ընտրության արդյունքում ցանկում ընդգրկվել են հետևյալ երաժիշտները՝ դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Շուշան Արևշատյանը, Գուր Սարգսյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը և թավջութակահար Նարեկ Հեկեկյանը: Ընտրությունը կատարվել է Prima Classic լեյբլի և վերջինիս համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանի կողմից, որը սահմանել է նաև հատուկ մրցանակ կիթառահար Վահան Սարգսյանի համար:
Մայիսի 16-ին Armenopole հարթակում կհեռարձակվեն կարճ ցանկում (short-list) ընդգրկված թեկնածուների տեսագրությունները: Համերգի ավարտին կհայտարարվեն «Սկսնակ երաժիշտների» ծրագրի 4 հաղթողները:
Primavera Foundation of Armenia-ի կայքում հնարավոր է կատարել հանգանակություն նախագծի, ձեր նախընտրած արտիստի կամ երաժշտախմբի աջակցման համար: Հանգանակությունը բաց է ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ գործընկերների համար ողջ աշխարհից:
Prima Classic ձայնագրման ընկերության և Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաև կրթական բաղկացուցիչ, հայ երաժիշտների և հնչյունային ինժեներների համար նախատեսված է ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության և դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը կվարի հնչյունային ինժեներ և Prima Classic լեյբլի համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանը:
Prima Classic լեյբլի կողմից հասանելի կլինի նաև խորհրդատվական աջակցություն երաժշտական արտադրության, ալբոմի թողարկման պլանավորման և միջազգային առաջխաղացման վերաբերյալ: Հայաստանցի այն հնչյունային ինժեներներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կտրվի հնարավորություն Prima Classic լեյբում անցնել վերապատրաստում, պրակտիկա և ստեղծել միջազգային մասնագիտական կապեր:
Նախագծի մասին Prima Classic-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Էդուարդո Վերթանեսյանը նշում է. ‹‹Հայերը կարևոր դեր են ունեցել եվրոպական և քրիստոնեական ավանդույթների ձևավորման մեջ՝ բերելով այդ մշակույթը դարերի խորքից, անցնելով անհավանական դժվարությունների միջով, որոնց հետևանքները շատ ցցուն կերպով զգացվում նաև այսօր: Կարևոր է, որ հայի ձայնը, այս դեպքում երաժշտական ձայնը, լսելի լինի ողջ աշխարհում և մենք պետք է օգնենք հայ ժողովրդին իր գեղարվեստական դրսևորումներում շարունակել ձգտել կատարելության››:
Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան հույս է հայտնում, որ նախագիծը կոգեշնչի երիտասարդ երաժիշտներին ավելի կատարելագործել և հանրահռչակել իրենց կատարողական արվեստը: «Մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համաշխարհային լսարանի համար ապահովենք հայ երաժշտության դյուրին և համապարփակ հասանելիությունը՝ բացահայտելով նրանց համար հայ երաժիշտների վարպետությունը իրենց ծանոթ բոլոր միջազգային հարթակներում»,-նշում է նա:
Prima Classic-ը հիմնադրվել է հռչակավոր անվանի օպերային երգչուհի Մարինա Ռեբեկայի և հնչյունային ինժեներ Էդուարդո Վերթանեսյանի կողմից և գործունեություն է ծավալելում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այն ձայնագրման անկախ լեյբլ է, որը կենտրոնացած է օպերաների, դասական երգեցողության և գործիքային երաժշտության ձայնագրման ուղղության վրա: Նրանք նվիրված են մեկ գաղափարի՝ նպաստել հանճարեղ երաժշտության տարածմանը՝ հիանալի արտիստների կատարմամբ: Լեյբլը հատուկ ուշադրություն է դարձնում նախագծերի բոլոր փուլերին՝ երկացանկի ընտրություն, կատարման վարպետություն, ձայնի որակ, դիզայն, փաթեթավորում և համաշխարհային տարածում:
Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 2022-ից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամը տասնյակ կրթական ու մշակութային նախագծեր է իրականացրել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի հեռավոր մարզերում: Լիահույս ենք, որ հիմնադրամի համագործակցությունը Prima Classic լեյբլի հետ նոր էջ կբացի Հայաստանի մշակութային կյանքում: