Մշակույթ

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

«Առնո Բաբաջանյան» համերգասրահն ապրիլի 25-ին կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երևանյան համերգին երաժիշտը կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից և Քեյթ Ջարեթից։

Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա հրաշալի համադրում է դասականը ջազ երաժշտության հետ։ Լինելով հայտնի ջազ դաշնակահար, սերունդների ուսուցիչ համարվող Ռոժե Մենիլոյի թոռը՝ Թիբո Մենիլոն ժառանգել է պապի տաղանդն ու ավելի կատարելագործել իր երաժշտական ունակությունները: Արդյունքում ձևավորել է իր ուրույն ստեղծագործական ձեռագիրը։ 

Նրա երաժշտությունը կրում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Ջոն Կոլթրեյնը, Թելոնիուս Մոնքը, Կիթ Ջարեթը, Չիկ Կորեան ու Բիլ Էվանսը։ Թիբո Մենիլոն իր ելույթներում համադրում է զգացմունքն ու տեխնիկան։ Դաշնամուրի միջոցով նա ոչ միայն կատարում է երաժշտական ստեղծագործություններ, այլև կարծես ներկայացնում է պատմություններ՝ հանդիսատեսին տանելով յուրահատուկ հոգևոր ճանապարհներով։ 

Նրա իմպրովիզացիաները երաժշտության լեզվով մատուցվող պատումներ են մարդկանց ու տիեզերքի մասին։ Հայաստանում նա առաջին անգամ համերգով հանդես է եկել 2023-ի հունիսին։ 2025-ի ապրիլի 18-ին Մենիլոն փայլուն համերգ է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանը։ 

Հատկանշական է դաշնակահարի ամուր կապը Հայաստանի հետ․ նրա կինը հայուհի Արմինե Օհանյանն է, որը Ֆրանսիայում ստեղծագործող հագուստի դիզայներ է և լայն ճանաչում ունի ֆրանսիական նորաձևության ասպարեզում։

Ապրիլի 25-իին կայանալիք համերգը Հայաստանի հանդիսատեսի համար ևս մեկ հնարավորություն է բացահայտելու Թիբո Մենիլոյի եզակի երաժշտական աշխարհը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում