Մշակույթ

Դաշնակահար Եվգենի Կիսինը Երևանում հուզառատ համերգային ծրագիր է խոստանում

5 րոպեի ընթերցում

Դաշնակահար Եվգենի Կիսինը Երևանում հուզառատ համերգային ծրագիր է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:

Կայանալիք համերգային ծրագրի և այլ հարցերի շուրջ դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեց Եվգենի Կիսինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դաշնակահարը նշեց, որ շատ ուրախ է կրկին մեր երկրում լինել: Նա հույս հայտնեց համերգային ծրագրով դրական հույզեր փոխանցել երաժշտասերներին:

«Համերգի առաջին մասում կատարելու եմ Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում: Կարծում եմ` այդ գործը իր նվագացանկում ներառող յուրաքանչյուր դաշնակահարի, այդ թվում և ինձ համար, դա նոր աստիճան է, նոր նվաճում»,-ասաց Կիսինը:

Դաշնակահարը վերջերս է ամուսնացել: Նրա կինը կիսով չափ հայ է: «Վստահ եմ, որ կինս չի նեղանա, եթե խոստովանեմ, որ ես իրեն ավելի եմ մոտեցնում հայ մշակույթին: Երբ եկանք Հայաստան, նա իմ նշանածն էր. ես երկրորդ անգամ էի Հայաստանում, իսկ նա` առաջին»,-պատմեց դաշնակահարը:

Կիսինի խոսքով` իր համար շատ կարևոր է այն երկիրը, որն իրեն հյուրընկալում է, քանզի յուրաքանչյուր երկիր ունի իր անկրկնելի դեմքը, դիմագիծը, մշակույթը: Ըստ Կիսինի` տարբեր երկրները, ժողովուրդները և համաշխարհային մշակույթների բազմազանությունը մեր երկրագնդի զարդարանքն են:

Խոսելով մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների մասին` Եվգենի Կիսինն ասաց, որ անկախ ժամանակաշրջանից յուրաքանչյուր լավ ստեղծագործություն իրեն հետաքրքրում է: Նա ցավով նշեց, որ դեռ չի կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործեր, քանի որ դաշնամուրի համար ստեղծագործություններ շատ հազվադեպ են գրվում: Կիսինը շեշտեց, որ սիրով նվագել է հայ ականավոր կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի որոշ գործեր:

Դաշնակահարը ասաց, որ մանուկ հասակում ստեղծագործել է: «Երկարատև դադարից հետո ես կրկին սկսեցի երաժշտություն գրել: Տարիներ շարունակ վստահ էի, որ երբեք չեմ գրի, քանի որ չեմ կարող ստեղծել որևէ գործ, որը կարող է գոնե մոտ լինել մեծ դասականների` Բախի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծածին: Մի քանի տարի առաջ ծնվեցին որոշ երաժշտական գաղափարներ, ու ես կյանքի կոչեցի դրանք: Այդ ստեղծագործություններն ուղարկեցի կոմպոզիտորների, կատարողների, խնդրեցի անկեղծորեն ասել, արդյո՞ք արժե, որ ես շարունակեմ գրել, թե ոչ: Բացառությամբ մեկ մարդու, նրանք նշեցին, որ հավանում են գործերս: Կան դաշնակահարներ, որոնք կատարում են դրանք»,-խոստովանեց դաշնակահարը:

Լսելով հայերեն խոսքը` դաշնակահարն ասաց, որ ցավոք հայերեն չի հասկանում, բայց կարծում է, որ այն հնչում է այնպես, ինչպես հայ ճարտարապետությունն է. քաղցր գեղեցկություն չունի, բայց փառահեղ է, խիստ:

Անդրադառնալով փառատոնին՝ նա ասաց. «Թող որ «Երևանյան հեռանկարներ»-ը դեռ շատ երկար տարիներ շարունակի իր գոյությունը՝ ծառայելու գալիք սերունդների հոգևոր կարիքների բավարարմանը և թող դառնա Հայաստանի վերածննդի անժխտելի հիմնասյունը, որպեսզի այս հիասքանչ երկիրը, որն այնքան մոտ է իմ սրտին, կարողանա վերագտնել իր հնագույն փառքը և դառնա մեծապես հարգված և գնահատված ողջ աշխարհում: Ցավդ տանեմ…»:

Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թվականին Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջ՝ աշակերտելով Աննա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկանում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտիդաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին, տասներկու տարեկանում, կատարելով Շոպենի դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտներըՄոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ:

1987 թվականին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտըԲեռլինիփառատոնում։ 1988 թվականին շրջել էԵվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի ևՎլադիմիր Սպիվակովիհետ, կայացել է նաև նրա լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

1990-ին Կիսինը Լոնդոնում հանդես է եկել BBC Promenade համերգով և նույն տարի առաջին անգամ հանդես եկելՀյուսիսային Ամերիկայում` կատարելով Շոպենի երկու դաշնամուրային կոնցերտները: Նա բազմաթիվ միջազգային երաժշտական պարգևների է արժանացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում