Մշակույթ

Ամբողջացնելով 85 տարիները. հանրությանը ներկայացվեց օպերայի թատրոնի մասին Սերգեյ Առաքելյանի գիրքը

3 րոպեի ընթերցում

Ամբողջացնելով 85 տարիները. հանրությանը ներկայացվեց օպերայի թատրոնի մասին Սերգեյ Առաքելյանի գիրքը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Առաքելյանի՝ նոր հրատարակված «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ազգային ակադեմիական թատրոն» գիրքն ամբողջացնում է թատրոնի 85-ամյա պատմությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ին կայացավ գրքի շնորհանդեսը:

«Մեծ ուրախությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել գրքի հեղինակին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և բոլոր նրանց, ովքեր աշխատել են գրքի ստեղծման համար: Սերգեյ Առաքելյանի այս հատորյակը մեր մշակույթի ամենակարևոր, ամենածանրակշիռ վերլուծություններից է: Գիրքը նաև առիթ է, որպեսզի մենք ավելի ոգևորվենք և կարողանանք ապահովել այս պատմության շարունակականությունը: Ես վստահ եմ, որ տարիներ անց կգրվի հաջորդ հատորյակը»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը ցանկացավ, որ առիթ ստեղծվի գիրքը հրատարակել նաև օտար լեզուներով՝ մեր պատմությունը և մշակույթն այլ ազգերին ևս ներկայացնելու համար:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կարծիքով՝ գիրքն ինֆորմացիայի մեծ աղբյուր է: « Սա մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է: Մենք պարտավոր ենք հիշել և փառաբանել Հայաստանում օպերային և բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած բոլոր անձանց: Եվ այս գիրքն ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,-ասաց նա:

«Նշանաբան ունենալով ոչինչ չավելացնելու և ոչինչ չպակասեցնելու սկզբունքը՝ ջանացել ենք արձանագրված փաստերի և ականատեսի վկայությամբ հնարավորինս ճշգրտորեն ներկայացնել թատրոնի հարուստ պատմությունը: Աշխատել ենք միայն փաստերի, անձնական արխիվներից քաղված նյութերի վրա պատկերել թատրոնի պատմությունը»,-ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը:

Նրա կարծիքով՝ թատրոնի այս հարուստ պատմությունը պետք է գրվեր: Եվ ինքը բախտավոր է, որ այդ բախտը հենց իրեն է վիճակվել: «Թատրոնի հետ հասակակիցներ ենք մենք: Իմ անձնական արխիվում բազմաթիվ նյութեր ունեմ թատրոնի մեծ երախտավորների կողմից»,-նշեց Առաքելյանը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղ. Ղեկավար Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան ծնվում է 40-50 նոր ներկայացում: Եվ այդ մասին շատ քիչ տեղեր են գրվում կամ բացարձակ չեն գրվում: Սերգեյ Առաքելյանի գործը նաև այս առումով է կարևոր: «Նա թատրոնի մասին տեղեկություն է թողնում սերունդներին: Կարծում եմ այս գիրքը նոր լիցքեր կհաղորդի գեղարվեստական ղեկավարին»,-եզրափակեց նա:

Գրքում ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունը: Աշխատությունն առանձնանում է նաև թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում