Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների և հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:

Ահաբեկչության դեմ պայքարի առումով Հանրապետության Նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարևորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան