ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 14-ին այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ ուրախալի է լսել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական եկեղեցին և հունաց եկեղեցին սերտ համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում, և համայնքների միջև հարաբերությունները բարձր հարթության վրա են»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին և հույն եկեղեցին հաստատակամորեն կնպաստեն այս համագործակցության զարգացմանը, և երեք ժողովուրդների հանդեպ անարդար դրսևորումները միջազգային հարթակում կհասնեն ճշմարտացի ընկալման:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել դեռևս այս տարվա հունիսին: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքներին համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը շեշտեց, որ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: Տերենս-Նիկոլաոս Քուիքը խոսեց նաև հայ և հունական եկեղեցիների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:

Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն իր խոսքում նշեց, որ Կիպրոսի հայ համայնքն աչքի է ընկնում կազմակերպվածությամբ, և կիպրական կառավարությունը փորձում է համայնքին օգնել բոլոր բնագավառներում: «Մեր երկրները ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները միջոց են մեր նպատակներին հասնելու համար»: Այդ ճանապարհին Ֆոտիս Ֆոտիուն անփոխարինելի համարեց եկեղեցու օգնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարան»:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին