Մշակույթ

Լեզվաբանների դատին հանձնվեց Անդրանիկ Կարապետյանի «Կրկնությունը եւ զեղչումը ժամանակակից հայերենում» աշխատության առաջին մասը

2 րոպեի ընթերցում

Լեզվաբանների դատին հանձնվեց Անդրանիկ Կարապետյանի «Կրկնությունը եւ զեղչումը ժամանակակից հայերենում» աշխատության առաջին մասը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր Անդրանիկ Կարապետյանի «Կրկնությունը եւ զեղչումը ժամանակակից հայերենում» գրքի առաջին մասի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատությունը նվիրված է ժամանակակից հայերենի ուշագրավ իրողություններից երկուսի` կրկնության և զեղչման բազմակողմանի քննությանը, այն նախատեսված է լեզվաբանների, գրականագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

«Սա հայրիկիս դոկտորական աշխատությունն է, որն ավարտուն էր: Ցավոք՝ նա չհասցրեց այն տպագրել, բայց մենք նախաձեռնեցինք տպագրությունը: Կա ևս մեկ աշխատություն, սա գրքի Ա մասն է: Կտպագրվի նաև գրքի Բ մասը, որը զեղչման առավել բովանդակալից ներկայացումն է»- ասաց Անդրանիկ Կարապետյանի որդին `Դավիթ Կարապետյանը

Գիրքը լույս է տեսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը:

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է Սյունիքի մարզի Կորնիձոր գյուղում: Տեղ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1968թ-ին ընդունվել և 1973-ին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: 1974 թվականին անցել է դասախոսական աշխատանքի. դասավանդել է Խ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Վանաձորի, ապա Գորիսի մասնաճյուղերում , ինչպես նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում :

Բացի լեզվաբանության ոլորտից, Անդրանիկ Կարապետյանը զբաղվել է նաև խմբագրությամբ, խմբագրել է մի քանի գիրք: Կարապետյանը 1990թ-ին հիմնել է Սյունյաց «Տաթև» համալսարանը`առաջին ոչ պետական բուհերից մեկը:

Անդրանիկ Կարապետյանը 3 գրքի և 65 հոդվածի հեղինակ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում