Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստն առաջինն էր մարզխորհրդի նոր անդամների համար
6 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, քննության առավ օրակարգային երեք հարց:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն միաժամանակ առաջինն էր մարզի խոշորացված չորս համայնքների ղեկավարների համար, ովքեր նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում ընդգրկվել են մարզխորհրդի կազմում:
Փոխարենը կրճատվել է մարզխորհրդի անդամների կազմը՝ ի հաշիվ խոշորացված համայքների կազմ մտած նախկին համայնքների ղեկավարների լիազորությունների դադարեցման: Բացելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհավորեց խոշորացված համայնքների ղեկավարներին՝ մաղթելով նրանց աշխատանքային եռանդ ու հաջողություններ:
«Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների մասին» օրակարգային առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը:
Նա նշեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 89,6 տոկոսով, կամ պլանավորված 1 միլիարդ 367 միլիոն 340 հազար 900 դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 224 միլիոն 652 հազար 100 դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արձանագրվել է 6 տոկոս աճ, որը կազմում է 225 միլիոն 444 հազար դրամ: Մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 79,5 տոկոս, Գավառի տարածաշրջանը՝ 84,1 տոկոս եւ Ճամբարակի տարածաշրջանը՝ 88,8 տոկոս: 100 տոկոսից ավելի ցուցանիշներ են ապահովել Սեւան, Բերդկունք, Սարուխան, Ծակքար, Զոլաքար, Ծովակ, Վարդաձոր, Ներքին Գետաշեն, Երանոս, Ձորագյուղ, Լճաշեն, Գեղամավան համայնքները: Վարչության պետը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ մարզի կատարողականը կարող է հատել 100 տոկոսի սահմանը:
«Գեղարքունիքի մարզի համայքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին» հարցի վերաբերյալ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Նա նշեց, որ այս տարվա 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում վարչական հսկողություն է իրականացվել մարզի Ծափաթաղ, Վարդենիս, Թթուջուր, Կութ, Գետիկ, Մեծ Մասրիկ, Ձորավանք, Ազատ, Կախակն, Ավազան, Զովաբեր, Ծովագյուղ, Ծաղկաշեն եւ Ձորագյուղ համայնքներում:
Վարչական հսկողության արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ, որոնցում արտացոլվել են ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված իրավական եւ մասնագիտական թերությունները: «Առաջարկվել է համայնքի ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում տեղեկանքներով արձանագրված թերությունները քննարկել ավագանու նիստերում եւ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վարչական հսկողություն իրականացնող խմբի անդամների կողմից ուսումնասիրությունները կատարելու ընթացքում համայնքներում շտկվել եւ կարգավորվել են բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ»,- նշեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Օրակարգային երրորդ հարցի՝ «Գեղարքունիքի մարզում այս տարվա երկրորդ կիսամյակում «Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման արդյունքների մասին» զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում կազմակերպվել են մեկ մարզային եւ երկու համապետական շաբաթօրյակներ, որոնց մասնակցել են մարզային եւ համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները: «Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են շուրջ 19 800 մարդ եւ 653 միավոր տեխնիկա: Երկրորդ կիսամյակի ընթացքում փակվել են ապօրինի գործող 12 աղբավայր:
Մաքրվել են համայնքների վարչական տարածքները, պատմության եւ բնության հուշարձանների շրջակայքը, ավտոճանապարհների եզրերը: Միջոցներ են ձեռնարկվում տնտեսավարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մարզի ակտիվ տնտեսավարող 2168 սուբյեկտներից աղբահանության պայմանագրեր են կնքել 1725-ը կամ մոտ 80 տոկոսը:
Աղբահանության դրույքաչափ է սահմանվել մոտ 60 համայքներում»,-իրավիճակը ներկայացրեց Վանիկ Հարությունյանը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հորդորեց մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները, հետեւողական աշխատանք տանել վարչական վերահսկողության արդյունքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները եւ առանձնահատուկ ուշադրություն սեւեռել շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը: