Ավարտին է մոտենում «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտին է մոտենում «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 58 շախմատիստ 7 երկրից: Մասնակիցների թվում է Հայաստանի 5 պատվիրակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հաղթողի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից գրոսմայստեր Դավիթ Պառավյանը, ով 8 հնարավորից իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր: Գրոսմայստերներ Դավիթ Մագալաշվիլին և Լևան Պանցուլայան 6-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Դանիելյանը և Նորայր Թորոսյանը 5.5-ական միավորով կիսում են 4-9-րդ հորիզոնականները:
Մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով իր ակտիվում ունի 5 միավոր և վերջին տուրում հաջող ելույթի դեպքում կարող է լրացնել միջազգային վարպետի կամ կանանց գրոսմայստերի նորմա: Գևորգյանը այս պահին նաև շուրջ 50 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: