Մշակույթ

Գրողը պետք է ժողովրդի կողքին լինի. Արձակագիր Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշվեց հանդիսավոր ցերեկույթով

3 րոպեի ընթերցում

Գրողը պետք է ժողովրդի կողքին լինի. Արձակագիր Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշվեց հանդիսավոր ցերեկույթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակախոս, արձակագիր, լրագրող Դավիթ Սարգսյանը ազնիվ հոգի է, որը շարունակում է իր հոր Մկրտիչ Սարգսյանի պայծառ, բաց հոգու տոհմական շառավիղը: Դեռ պատանի տարիներից պատմվածքներ, ապա հրապարակախոսական նյութեր գրելով` նա հաստատեց, որ ինքը հոր ստվերում չէ, այլ ինքնատիպ է և չի կարող չգրել: Այսպես` նոյեմբերի 10-ին Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությանը գրողի մասին արտահայտվեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին Հայաստանի գրողների միությունում:

«Նրա գործերը Աշոտ Պետրոսյանի և այլոց մասին փաստում են, որ Դավիթը մշտապես զգում է ժամանակի երակը, ներշնչվում ոչ միայն ընթացիկ կյանքի թոհուբոհից, իրադարձություններից, ժամանակի թեժ փոփոխություններից, այլև պատմական հիշողություններից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ Սարգսյանը լավ ընկեր է, լավ մարդ, լավ ընտանիքի հայր:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով`վերջին երեք տասնամյակում Դավիթ Սարգսյանը լայն գործունեություն է ծավալել Հայաստանի գրական, հասարակական, մշակութային կյանքում: Նա սիրված է, փնտրված:

«60-ամյակս է, գրական գործունեությանս քառասուն տարին: Երբ ամփոփում եմ արածս, բավարարվածություն չեմ զգում: Շատ կցանկանայի ավելին անել, թեև խիղճս հանգիստ է: Աշխատել եմ ուժերիս ներածին չափով, փորձել եմ գրականության միջոցով մարդու ծանր պահերին նրա կողքին լինել, որ հույսի, հավատի, սիրո կանթեղը չմարի:

Կուզեի գրողի խոսքը ավելի արժևորվեր: Դա կախված է և’ գրողից, և’ հասարակությունից: Եթե բարձր գրական արժեքներ են մատուցվում, հանրությունը դրանք չի կարող մերժել: Պարզապես գրողը պետք է ժողովրդի կողքին լինի, ժողովուրդը պետք է հավատա իր գրողին, քանի որ գրողը ուսուցիչ է: Գեղարվեստական գրականությամբ կրթվում է անհատը, հասարակությունը: Դեմ եմ ինքնանպատակ մշակույթին. կարծում եմ` գրականության և ժողովրդի միջև միշտ անմիջական կապ պետք է լինի, գրողը պետք է զգա մարդկանց զարկերակը»,-ընդգծեց հոբելյարը` Դավիթ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում