Արձակագիր Էդուարդ Խաչիկյանը գրողների ընկերակցությամբ նշել է ծննդյան 60-ամյակը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական, քաղաքական գործիչ, արձակագիր, Էդուարդ Խաչիկյանը հանդես է եկել տարբեր ասպարեզներում, սակայն երբեք չի փոխել իր մարդկային նկարագիրը. բարի է, ընկերասեր: Ճիշտ ժամանակին ճիշտ վայրում է հայտնվում ու խոսում ժամանակակիցներին հուզող խնդիրներից: Այսպես նոյեմբերի 8-ին արձակագրի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությանը էդուարդ Խաչիկյանի մասին արտահայտվեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Միջոցառումն անցկացվեց Հայաստանի գրողների միությունում:
«Շատ եմ կարևորում Խաչիկյանի պատմավեպերը: Այն բավականին բարդ գրական ժանր է, որը լայն հնարավորություններ է ընձեռում գրողին: Էդուարդը փորձում է հավատարիմ մնալ դասական պատմավեպին, որում ժամանակի խնդիրներն է արծարծում: Խաչիկյանի գրականությունը ռելիեֆային է շոշափելի: Նա մերօրյա արձակի վառ գույներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց միության նախագահը:
Միջոցառմանը ներկայացվեց հեղինակի «Գրավաճառը» գիրքը, որում ներառված են յոթ պատմվածքներ և մեկ վիպակ:
Անդրադառնալով նոր գրքին` Միլիտոնյանն ասաց, որ այնտեղ խոսվում է գրականության, գրքի վաճառքի, գիրք-համացանց խնդիրների մասին:
Գրականագետ, թարգմանիչ Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ շատերը կարծում են, պետական պաշտոնյան, ազատամարտիկը պետք է խիստ լինի, բայց Էդուարդ Խաչիկյանի պարագայում այդպես չէ: Դա են վկայում նրա ստեղծագործությունները:
«Ուշադրություն դարձնելով նրա վերջին տասը տարիներին հրատարակած գրքերին` եկա այն եզրակացությանը, որ Խաչիկյանը ցանկանում է ստեղծել նոր իրականություն, հոգեբանական իրավիճակներ, որտեղ պարզ արտահայտվում է մարդու իրական կերպարը: Նյութի և հոգու պայքարը կա Խաչիկյանի բոլոր գրվածքներում: Նա ուզում է հաստատել, որ մարդ մնալու համար կարևոր է մաքուր խիղճը, արդարությունը, ճշմարտությունը, բարին և գեղեցիկը»,-եզրափակեց Դեմիրճյանը:
Էդուարդ Խաչիկյանը շեշտեց, որ ստեղծագործում է 1980-ականներից, սակայն առաջին գիրքը տպագրվել է 1991-ին:
«Գրել եմ տարբեր ժանրերում, բայց իմ սրտին շատ մոտ են պատմավեպերը»,-ասաց նա: Հեղինակի խոսքով` ինքն աշխատել է տարբեր բնագավառներում, սակայն գրականությունը շատ բարձր է դասում, այն իր համար միշտ առաջին տեղում է:
Էդուարդ Խաչիկյանը ծնվել է1957 թվականի հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում: Ավարտել էԵՊՀբանասիրական ֆակուլտետը։ Աշխատակցել է«Գարուն»ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է «Տրանսպորտի և հաղորդակցության» փոխնախարար (1994-1998), Ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետի տեղակալ (1998-2002)։
ՈստիկանությանԱրմավիրիմարզային վարչության պետի տեղակալն է (2002)։ Ոստիկանության գնդապետ է: Նա 22 գրքի հեղինակ է։ Գրել է ֆիլմերի սցենարներ: Հայտնի են «Եվ արևը մայր մտավ լուսաբացին», «Սուրբ մասունքի առեղծվածը», «Զուգահեռ աշխարհներ», «Սարգիս Զորավար», «Տրդատ Մեծ» երկերը: