Սպորտ

Գաբրելյանովը հերքել է Ջորկաեֆին «Արարատ»-ի գլխավոր մարզիչ նշանակելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Գաբրելյանովը հերքել է Ջորկաեֆին «Արարատ»-ի գլխավոր մարզիչ նշանակելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը չի դիտարկում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998 թվականի Աշխարհի չեմպիոն հռչակված Յուրի Ջորկաեֆին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է մոսկովյան ակումբի սեփականատեր Արամ Գաբրելյանովը:

Ջորկաեֆին հրավիրելու մասին լուրերը ԶԼՄ-ներում հայտնվել են այն բանից հետո, երբ այս շաբաթ թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Որևէ մեկը չի լինի»,- ասել է Գաբրելյանովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ թիմը գլխավորի Ջորկաեֆը: «Կլինեն բացառապես երիտասարդ տղաներ, հայտնիներ չեն լինի: Ազգանուններ նշել չեմ կարող, դեռևս հոգաբարձուների խորհուրդը չի հավաքվել, որն էլ պետք է այդ հարցը որոշի»,- նշել է Գաբրելյանովը:

Միաժամանակ, վերջինս նշել է, որ գլխավոր մարզչի պաշտոնից Գրիգորյանի հեռանալն իր համար անակնկալ չէր: «Նա ասել է, որ մենք պայմանավորվել ենք ի սկզբանե. նա անցնում է առաջին շրջանը և վերջ»,- ընդգծել է Գաբրելյանովը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու 15-րդ տուրում Մոսկվայի «Արարատ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Սատուրն»-ի նկատմամբ: «Արարատ»-ը 41 միավորով զբաղեցնում է մկրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հաջորդ մրցավեճը թիմը կանցկացնի նոյեմբերի 4-ին՝ «Խիմիկ»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում